Կոնգրեսական Շիֆն Արցախի անկախությունը ճանաչող բանաձևի նախագիծ է ներկայացրել Ներկայացուցիչների պալատ

Կոնգրեսական Շիֆն Արցախի անկախությունը ճանաչող բանաձևի նախագիծ է ներկայացրել Ներկայացուցիչների պալատ

PanARMENIAN.Net - Դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆն ապրիլի 25-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել Արցախի անկախությունը ճանաչող բանաձևի նախագիծ:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ՝ նախագիծը նաև Արցախի անկախության միջազգային ճանաչման կոչ է անում՝ ԱՄՆ վարչակազմին հորդորելով ակտիվ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, հայտնում է «Ազատությունը»։

Նախագծում ընդգծված է, որ Արցախի անկախությունը հռչակվել է ՄԱԿ-ի կողմից ամրագրված ինքնորոշման իրավունքին և 1991-ին անցկացված հանրաքվեի արդյունքներին համապատասխան:

Փաստաթուղթը դատապարտում է Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը, Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ չհրահրված հարձակումները և կոչ է անում Բաքվին առանց նախապայմանների վերջ տալ շրջափակմանն ու Հայաստանի և Արցախի դեմ ագրեսիային:

Միացյալ Նահանգների վարչակազմին նախագիծը կոչ է անում դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին՝ դրանով իսկ այդ երկրի վարչակազմի համար հստակեցնելով, որ հետագա հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ կհանգեցնեն պատժամիջոցների և այլ միջոցների:

Բանաձևի նախագծում ընդգծված է աջակցությունը Միացյալ Նահանգների ժողովրդավարական գործընկեր Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից հարձակումների և միջազգային օրենքների ու նորմերի աղաղակող խախտումների:

Փաստաթուղթը նաև սատարում է Հայաստանում և Արցախում ադրբեջանական ագրեսիայից տուժածներին ամերիկյան և միջազգային մարդասիրական օգնության ծրագրերին:

ԱՄՆ իշխող կուսակցությունից ևս երկու կոնգրեսականների՝ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնի և Ջոշ Գոթհայմերի հետ միասին ներկայացնելով նախագիծը՝ Ադամ Շիֆն ընդգծել է, որ դա հատուկ անում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի կապակցությամբ, ինչը անչափ կարևոր է:

«Միացյալ Նահանգները պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հանուն փրկության նրա անջատման անհրաժեշտությունը, և դադարեցնի Ադրբեջան օգնություն ուղարկելը», - հայտարարել է Ադամ Շիֆը՝ շեշտելով, որ դա չանելը կքաջալերի «Ալիևին հայ ժողովրդին ոչնչացնելու իր ջանքերում»:

Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆն ԱՄՆ-ում լույս տեսնող «Ասպարեզ» պարբերականի հետ զրույցում տեղեկացրել էր, որ պատրաստվում է Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Լեռնային Ղարաբաղի ճանաչման բանաձև շրջանառության մեջ դնել

Ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում և անցակետ է տեղադրել։ Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---