Ռիքեր․ ՀՀ ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու իրական հնարավորություն կա

Ռիքեր․ ՀՀ ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու իրական հնարավորություն կա

PanARMENIAN.Net - ԱՄՆ փոխպետքարտուղարի նախկին պաշտոնակատար և Կովկասում բանակցությունների գծով նախկին ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը կարծիք է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև այսօր առկա է խաղաղության հասնելու իրական հնարավորություն։

«Կառուցողական» որակելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ նախկին դիվանագետն ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիրը պետք է ներառի տարբեր հայեցակարգեր․ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը դրա մի մասն են, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Նա նաև կարևորել է Լեռնաին Ղարաբաղում ապրող ժողովրդի անվտանգության ու իրավունքների հարցերը, որոնք, ըստ նրա, Բաքուն պետք է քննարկի վերջիններիս հետ: Նախկին դիվանագետը գտնում է, որ այս հարցում առկա է հնարավորություն առաջ շարժվել լավ հիմնարար խաղաղության համաձայնագրով՝ կենտրոնանալով իրականացման վրա:

«Դրանք կառուցողական հայտարարություններ են։ Երկու կողմերն էլ պետք է զսպվածություն ցուցաբերեն: Մենք գտնվում ենք մի կետում, ուր, իրոք, առկա է խաղաղության և համաձայնագրի հասնելու հնարավորություն, և հենց դա է հիմնական տարբերությունը նախորդ փուլերից»,-ասել է նա:

Ըստ նրա, երկու առաջնորդները պետք է հանդիպեն և լսեն միմյանց, խոսեն միմյանց հետ, որքան հնարավոր է շատ ներգրավվեն երկխոսության մեջ, որպեսզի ավելի լավ հասկանան միմյանց, հասկանան, թե որ ուղղությամբ են շարժվում և ինչ մտահոգություններ կան։

Նրա պնդմամբ, անվտանգության ապահովումը Հարավային Կովկասում կստեղծի լայն հնարավորություններ՝ տարածշրջանում առևտրի, էներգետիկ ծրագրերի, ենթակառուցվածքների զարգացման համար:

«Օրինակ, տրանսպորտի առումով՝ այն կնպաստի այս կարևոր աշխարհագրական տարածաշրջանի զարգացմանը, որի միջոցով Կենտրոնական Ասիան կկապվի Սև ծովի հետ՝ ստեղծելով կարևոր առևտրային հնարավորություններ, որոնք տարածաշրջանում օգուտ կբերեն բոլորին»,- պնդում է նա:

Ռիքերն ասել է, որ հարավկովկասյան այս երկարամյա հակամարտությունը ողբերգոթյուն է, այն խլել է բազմաթիվ կյանքեր, պատճառել կորուստներ, տասնամյակներով չեզոքացրել զարգացման հնարավորությունները։ Ըստ նախկին դիվանագետի, միջազգային հանրությունը մեծ ջանքեր է գործադրում՝ կողմերի միջև երկարատև, կայուն խաղաղության հասնելու համար:

«Ինչպես տեսնում եք՝ պետքարտուղարն անձամբ հանձնառու է առաջ մղել գործընթացը: Նա աջակցում է նաև մյուսներին, օրինակ՝ կողմերի առաջնորդներին՝ համախմբելու Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի ջանքերը՝ հնարավորություն ստեղծելով [Հայաստանի ու Ադրբեջանի համար] առաջ շարժվել խաղաղ ճանապարհով»:

Ռիքերի փոխանցմամբ, իր պաշտոնավարման տարիներին հորդորել է կողմերին հետ քաշել զորքերը:

«Սահմանային՝ լեռնային շրջաններում երիտասարդ զինվորականները գտնվում են միմյանց շատ մոտ, որն անխուսափելիորեն հանգեցնում բախումների։ Ոչ ոք ոչինչ չի շահում։ Իսկ սահմաններն, իհարկե, պետք է սահմանազատվեն և սահմանագծվեն, և այն շարունակական գործընթացի մի մաս է»,-ասել է նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։

Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---