Սերժ Սարգսյան․ Ելքն ապազգային իշխանություններին հեռացնելն է, և, չափազանց ծանր, բայց ոչ անհուսալի այս իրավիճակում արժանապատիվ պաշտպանությունը

Սերժ Սարգսյան․ Ելքն ապազգային իշխանություններին հեռացնելն է, և, չափազանց ծանր, բայց ոչ անհուսալի այս իրավիճակում արժանապատիվ պաշտպանությունը

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի Անկախության օրվա առթիվ իր ուղերձում նշել է, որ ելքն իրավիճակից առաջին հերթին ապազգային իշխանություններին հեռացնելն է, և չափազանց ծանր, բայց ոչ անհուսալի այս իրավիճակում հայ ժողովրդի միասնական ջանքերով Հայրենիքի արժանապատիվ պաշտպանությունը՝ զուգահեռ պատշաճ աշխատանք իրականացնելով դիվանագիտական ճակատում։

«Միջազգային բոլոր նորմերին համապատասխան՝ ամուր կռվաններ ունեցող Արցախի անկախությունն այսօր ենթարկվում է անասելի ծանր փորձության․արդեն ութ ամիս շրջափակման մեջ գտնվող և բազում զրկանքներ կրող Արցախն արժանապատվորեն դիմակայում է՝ քաջ գիտակցելով, որ պայքարն անկախության համար այսօր էլ նույն նպատակն ունի, ինչ 32 տարի առաջ, և ագրեսոր ու ցեղասպան թշնամին էլ նույնն է, ինչ երեք տասնամյակ առաջ:

Ելքն իրավիճակից, ինչպես բազմիցս եմ նշել, առաջին հերթին ապազգային իշխանություններին հեռացնելն է, և չափազանց ծանր, բայց ոչ անհուսալի այս իրավիճակում հայ ժողովրդի միասնական ջանքերով Հայրենիքի արժանապատիվ պաշտպանությունը՝ զուգահեռ պատշաճ աշխատանք իրականացնելով դիվանագիտական ճակատում:

Անկախության պայքարի ճանապարհին անտարբերությունը, հուսահատությունը, հարմարվողականությունն ու թուլամորթությունը չեն կարող ընկեր լինել»,–ասվում է երրորդ նախագահի ուղերձում:

Վճռականություն, արիություն, կամք ու պատվախնդրություն՝ ահա պայքարի անդավաճան ընկերները, որոնց պետք է ապավինել», - հայտարարել է Սարգսյանը:

Սեպտեմբերի 2–ին համայն հայությունը նշում է Արցախի Հանրապետության Անկախության օրը։ 1991-ի սեպտեմբերի 2-ին, Ադրբեջանական ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) ու Շահումյանի շրջանի պատգամավորների համատեղ նստաշրջանին հռչակվեց Արցախի անկախությունը ԼՂԻՄ ու Շահումյանի շրջանի սահմաններում:

1991-ի դեկտեմբեր 10-ին Լեռնային Ղարաբաղում անցկացվել է հանրաքվե, որի ընթացքում ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99․89 տոկոսը, արտահայտվել է Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտին:

Ադրբեջանի ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայտարարվել էր, որ ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր, սակայն ավելի ուշ պարզվել է, որ ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում զոհվածների թվում ներառված Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։

 Ուշագրավ
---