Սիմոնյան․ ՌԴ–ն փորձում է սեփական անգործությունը և անկարողությունը բարդել հայկական կողմի վրա

Սիմոնյան․ ՌԴ–ն փորձում է սեփական անգործությունը և անկարողությունը բարդել հայկական կողմի վրա

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ Ռուսաստանը փորձում է սեփական անգործությունը և գործողություններ իրականացնելու անկարողությունը բարդել հայկական կողմի վրա։

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը թե Լաչինի միջանցքի փակումը և ճգնաժամաը Լեռնային Ղարաբաղում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության հետևանք է՝ Սիմոնյանն աբսուրդ է որակել այդ պնդումնեը։

«Դա աբսուրդ է։ Եվ փորձ է սեփական անգործությունը, գործողություն իրականացնելու անկարողությունը բարդել հայկական կողմի վրա։ Ես տեսա այդ հայտարարությունը։ Եվ այնտեղ, որքանով հիշում եմ, ասում է, որ հայկական կողմը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բայց դա սուտ է։ Որովհետև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է հենց այն կողմը, որը պետք է երաշխավոր հանդիսանա՝ ռուսական կողմը։

Ռուսաստանի նախագահն է ասել, որ ԼՂ-ն եղել է և կա ու կլինի Ադրբեջանի անբաժանելի մաս։ Կա նաև նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի տակ ստորագրված է, որ Լաչինի միջանցքը Ռուսաստանի տիրապետության տակ է»,- ասել է Սիմոնյանը։

ԱԺ նախագահը հավելել է նաև, որ եթե Ռուսաստանը փորձում է հրաժարվել նոյեմբերի 9-ի փաստաթղթից՝ ապա պետք է ուղիղ հայտարարաի դրա մասին։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով հարցին, թե Արցախի իշխանություններին առաջարկելով Ադրբեջանի տարածքում հանդիպել ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, ռուսական կողմն ինչ երաշխիքներ է տալիս, որ նրանց նույնպես չեն առևանգի ու ձերբակալի, ինչպես մի շարք հայերի, ասել է, որ որևէ երաշխիք չի կարող լինել, երբ ՀՀ-ն արմատապես փոխում է դիրքորոշումը կարևորագույն հարցի մասով։

«Հայաստանի դիրքորոշումը արմատական՝ 180 աստիճան փոփոխության է ենթարկվել կարևորագույն հարցում։ Ընդ որում, այդ հարցը կարևորագույն նշանակություն ուներ հենց Երևանի համար։ Երաշխիքներ լինել չեն կարող, երբ այդ պայմանավորվածությունները թափանցիկ ձևով չեն իրականացվում»,- ասել է Զախարովան։

 Ուշագրավ
---