Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են իրավիճակը ԼՂ-ում

Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են իրավիճակը ԼՂ-ում

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը սեպտեմբերի 8–ի հեռախոսազրույցում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումների համաձայն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի` ԼՂ անխափան մուտքի և մարդասիրական գործունեության ապահովման կարևորությունը։

Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից այս ընթացքում իրականացվող ապակառուցողական վարքագծին, իր իսկ կողմից ստանձնած պարտավորություններին և միջազգային հանրության հստակ կոչերին անարգանքին, ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելու համակարգային քաղաքականությանը։ Ընդգծվել է Ստեփանակերտի և Բաքվի միջև իրավունքների և անվտանգության երաշխիքների շուրջ քննարկումների համար միջազգային գործուն մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության օրակարգի։

Լաչինի միջանցքն ադրբեջանցիները փակել են 2022-ի դեկտեմբերի 12-ից։ Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը մինչ օրս Կոռնիձորի սահմանային հատվածում է, որոնց ավելացել են նաև Փարիզի և Ֆրանսիայի շրջանների ուղարկած հումանիտար բեռով բեռնատարները։

Ադրբեջանի Կարմիր մահիկի կողմից Աղդամի ճանապարհով դեպի Արցախ ուղևորվող երկու բեռնատար հասել է Աղդամ– Ստեփանակերտ ճանապարհին։Բաքուն հայտարարել է, թե այդ բեռնատարներում 40 տոննա ալյուր է Ստեփանակերտի բնակիչների համար։ Ադրբեջանի ԶԼՄ–ների համաձայն, նրանք բանակցում են ռուս խաղաղապահների հետ և վրաններ են տեղադրել ճանապարհին։ Արցախցիները կտրականապես դեմ են այդ տարբերակին և հայտարարում են, որ այդ ճանապարհով բեռներ չեն ընդունի։Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմետ Հաջիևը հայտարարել է թե Աղդամով ճանապարհի բացվելուց 24 ժամ անց կբացվի Լաչինի միջանցքը:

 Ուշագրավ
---