Բալայան. Բաքուն կանգ չի առնի, եթե հավաքական Արևմուտքի կողմից քայլեր չձեռնարկվեն

Բալայան. Բաքուն կանգ չի առնի, եթե հավաքական Արևմուտքի կողմից քայլեր չձեռնարկվեն

PanARMENIAN.Net - Բելգիայում ՀՀ դեսպան և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը Brussels Signal-ին տված հարցազրույցում ասել է, որ Բաքուն կանգ չի առնի, եթե հավաքական Արևմուտքի կողմից քայլեր չձեռնարկվեն։

«Մենք այժմ գտնվում ենք Հայաստան ներխուժման անմիջական սպառնալիքի տակ: Ադրբեջանը կանգ չի առնի, եթե հավաքական Արևմուտքի կողմից գործնական քայլեր չձեռնարկվեն»,– նշել է նա, գրում է Factor.am-ը։

Բալայանն ընդգծել է, որ միջազգային իրավունքը հարգելու Ադրբեջանի խոստումները դատարկ են, իսկ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ հավակնություններ չունենալը՝ բլեֆ։

Դեսպանը նշել է, որ գործնական միջոցներ կան, որոնցով ԵՄ-ն կարող է դիմակայել Ադրբեջանին և Ալիևին։ Բալայանն առաջարկել է, որ ԵՄ-ն Ալիևին վերջնաժամկետ տա իր բանակը Հայաստանի սահմանից դուրս բերելու համար, իսկ չկատարելու դեպքում՝ ԵՄ-ի հետ Ադրբեջանի առանց վիզայի համաձայնագիրը կասեցնեն։

Նա նաև շեշտել է, որ անհատական պատժամիջոցները կարող են հստակ ուղերձ հղել։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի է մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
---