Վարչապետը Թբիլիսիում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները

Վարչապետը Թբիլիսիում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները։

Միջոցառմանը մասնակցել են նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Մոնտենեգրոյի վարչապետ Դրիտան Աբազովիչը, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

«Մեր Կառավարությունը մշակել և ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես խաղաղության օրակարգի կարևոր մի մաս: Այդ նախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի Իսլամական Հանրապետության միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով:

Հայաստանի հարավով և հյուսիսով անցնող երկաթուղիներն արդեն երեսուն տարի չեն գործում տարածաշրջանային առումով, չեն գործում նաև արևելքն արևմուտքին կապող բազմաթիվ ավտոճանապարհներ, մինչդեռ այդ ճանապարհների վերագործարկումը Կասպից ծովը Միջերկրականին կապող կարճ և արդյունավետ ուղի կդառնար՝ թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբիլային: Նույն կերպ և այդ երկաթուղային և ավտոմոբիլային կոմունիկացիաները կարող են Ծոցը Սև ծովի, այդ թվում` վրացական նավահանգիստներին կապող արդյունավետ ճանապարհ դառնալ: Այս ծրագիրը հսկայական օգուտներ կբերի մեր տարածաշրջանի բոլոր երկրներին, և ես ցանկանում եմ Կառավարությունների, մասնավոր ներդրողների ուշադրությունը հրավիրել այս հնարավորության վրա»,–ասել է վարչապետը։ :

Նա ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկի» սկզբունքները։

«Սկզբունք թիվ 1. Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ավտոճանապարհները, երկաթուղիները, ավիաուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը գործում են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են:

Սկզբունք թիվ 2. Յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովում է ենթակառուցվածքների, ներառյալ դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը: Ի դեպ, առաջիկայում Հայաստանի իրավապահ համակարգում կստեղծվի հատուկ ստորաբաժանում, որի գործառույթը կլինի Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների, դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգության ապահովումը, իհարկե մեր Պարեկային ոստիկանության հետ համատեղ:

Սկզբունք թիվ 3. Նշված ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին փոխադրումների համար:

Սկզբունք թիվ 4. Բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության և փոխադարձության սկզբունքով: Հավասարության և փոխադարձության սկզբունքով կարող են իրականացվել սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերի որոշակի պարզեցումներ:

Ուզում եմ վերահաստատել այս սկզբունքների հիման վրա տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաները բացելու, վերաբացելու, վերակառուցելու, կառուցելու Հայաստանի պատրաստակամությունը»,–ասել է Փաշինյանը։

Նա ասել է, որ հիմա աշխատում են Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի վրա, և հույս հայտնել, որ այս գործընթացը հաջողությամբ կավարտվի մոտակա ամիսներին:

«Հարկ եմ համարում ներկայացնել նաև խաղաղության մյուս երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ.

- Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ընկալմամբ, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանի տարածքը` 86 հազար 600: Այս հանրագիտարանային արձանագրումն արվել է, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի կողմից արվող հայտարարությունները՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, տեղ չթողնի ասելու, թե տվյալ երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչելով դիմացի երկիրը նկատի ունի նրա միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասը միայն:

- Հաջորդ սկզբունքն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայն են սահմանների դելիմիտացիա իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Ալմա-Աթայի հռչակագրի առանցքային իմաստը հետևյալն է.

- Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ և Հռչակագիրը ստորագրած 12 հանրապետությունները, ներառյալ Հայաստանն ու Ադրբեջանը, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, գոյություն ունեցող, այսինքն՝ վարչական սահմանների անխախտելիությունը, և հետևաբար՝ Խորհրդային միության հանրապետությունների միջև գոյություն ունեցած վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ:

Ինչպես ասացի, մենք հույս ունենք՝ այս սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ առաջիկա ամիսներին ստորագրել Խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագիր»,–ասել է Փաշինյանը։

Նա հույս է հայտնել նաև, որ առաջիկայում զարգացումներ կլինեն Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացման ուղղությամբ, որը նույնպես դրական ազդակ կբերի ամբողջ տարածաշրջանին:

 Ուշագրավ
---