Կիրակոսյան․ ՀՀ–ն դիմել է ՄԻԵԴ Արցախի գերեվարված պաշտոնյաների և մյուսների մասով![]() 27 հոկտեմբերի 2023 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19–ին Արցախում տեղի ունեցած վերջին ագրեսիայի ժամանակ և Արցախից գերեվարված պաշտոնատար անձանց և գերեվարված զինծառայողների ու քաղաքացիական անձանց մասով ՀՀ–ն Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ ձեռնարկելու պահանջ է ներկայացրել։ Այս մասին Sputnik Արմենիայի և Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Նա նշել է, որ ինչ–որ արդյունքների կարելի է սպասել միայն գալիք տարի՝ 2024–ին։ Կիրակոսյանը հավելել է, որ իրենք դիմումները ներկայացրել են հավաքագրված տեղեկությունների ու ապացույցների հիման վրա, սակայն, թե քանի գերեվարվածի մասին է խոսքը, դեռևս պարզ չէ, քանի որ դեռ ճշտումներ կարող են արվել։ «Գերեվարվածների մասով որոշակի ապացույցներ ստացել ենք վերջին մեկ շաբաթում և հնարավորինս բոլոր ուղղություններով փորձել ենք ներկայացնել։ Ստացել ենք Ադրբեջանից պատասխաններ, որոնք վերաբերում են կոնկրետ անձանց և այդ պատասխանները փոխանցում ենք իրենց հարազատներին»,–ասել է Կիրակոսյանը։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Հայաստանը Եվրոպական դատարանում ունի 4 միջպետական գանգատ ընդդեմ Ադրբեջանի, որոնցից 4–րդը վերաբերում է ԼՂ–ին և ԼՂ–ի հայության իրավունքներին նաև Լաչինի միջանցքում տեղի ունեցած իրադարձություններին։ Այժմ Հայաստանի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը պատրաստվում է ներկայացված միջպետական հիմնական գանգատներին լրացում ներկայացնել` Արցախի բռնի տեղահանման դեպքերի մասով։ «Այդ նոր փաստական հանգամանքներն ու ապացույցները շատ կարևոր են։ Եվ նույն կերպ նաև Արդարադատության միջազգային դատարանում քննվող գործի շրջանակներում ևս այս նոր տեղի ունեցած իրադարձությունները ներկայացվում են ժամանակային միջոցների պահանջի հետ միասին։ Բայց հետագայում հիմնական հայցի լրացմանը զուգահեռ կներկայացնենք դա Արդարադատության միջազգային դատարան»,–ասել է նա։ Նա նշել է, որ այս պահի դրությամբ ՄԻԵԴ–ում Հայաստանի հիմնական ու առաջին գանգատի քննության գրավոր ընթացակարգն ավարտվել է, այն վերաբերվում է 44-օրյա պատերազմին և դրա հետևանքներին։ Եվ Հայաստանն ակնկալում է դատարանի կողմից առաջին գանգատի վերաբերյալ հրապարակային լսումներ անցկացնել` առաջին գանգատի ընդունելիության և իրավազորության հարցերի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ ավարտվել է նաև Արդարադատության միջազգային դատարանում քննվող ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով ՀՀ ներկայացված հայցի քննության գրավոր փուլը և առաջիկայում ակնկալվում է դատարանի կողմից շարունակել հրապարակային լսումները։ «Դա, կարծում ենք կլինի հաջորդ տարի, և դրա շրջանակներում ավելի մանրամասն կլինեն հրապարակային լսումներ, որտեղ ՀՀ–ն կներկայացնի մանրամասն փաստարկները և նաև կլսենք Ադրբեջանի ներկայացրած առարկությունները։ Ըստ այդմ դատարանը պետք է նախնական այս փուլում իրավազորության և հայցապահանջների ընդունելիության մասին կայացնի վերջնական որոշում, վճիռ»,–ասել է նա։ Սակայն Կիրակոսյանը չի կարծում, որ մինչև տարեվերջ միջազգային դատարաններից որևէ հրապարակային գործընթաց կլինի։ Միայն ակնկալվում է հոկտեմբերին տեղի ունեցած վերջին լսումների արդյունքում Հաագայի դատարանի ժամանակավոր միջոցների մասին որոշման հրապարակումը, որն էլ ամենայն հավանականությամբ կարող է լինել նոյեմբերին։ Ադրբեջանի սեպտեմբերի 19–ի ագրեսիայի արյունքում այս պահին Բաքվի բանտերում շարունակում են կալանավորված մնալ ԼՂ ղեկավարությունից ութ անդամ և բազմաթիվ զինծառայողներ, որոնց թիվը դեռ պարզ չէ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |