Գրիգորյանը Մալթայում հանդիպել է Զելենսկու աշխատակազմի ղեկավարին

Գրիգորյանը Մալթայում հանդիպել է Զելենսկու աշխատակազմի ղեկավարին

PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 28-ին Մալթայում հանդիպել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ, հայտնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը։ Այս առումով նշվել է հոկտեմբերի 5-ին Գրանադայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջին հանդիպման կարևորությունը։

Երմակը, մասնավորապես, շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի սկզբին Կիևում կայացած Առաջին տիկնանց և պարոնների գագաթնաժողովին վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասնակցության և ուկրաինացի դպրոցականների համար մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Նախագահի աշխատակազմի ղեկավարը հաստատել է ուկրաինական կողմի հանձնառությունը Հայաստանի հետ համագործակցության ամրապնդման հարցում, մասնավորապես, եվրաինտեգրման։

Կողմերը շնորհավորել են միմյանց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի կազմում Հայաստանի և Ուկրաինայի ընտրվելու կապակցությամբ և քննարկել են երկու երկրների փոխգործակցությունը այդ կազմակերպության շրջանակներում և ընդհանուր՝ էներգետիկայի ոլորտում»,–ասվում է գրառման մեջ։

ՀՀ–ն Մալթայում առաջին անգամ մասնակցում է Ուկրաինայի առաջարկած «Խաղաղության բանաձևի» շուրջ քննարկումներին։ Երկօրյա համաժողովը կազմակերպվել է Կիևի նախաձեռնությամբ։ համաժողովում քննարկվելու է նախագահ Զելենսկու առաջարկած «Խաղաղության բանաձևը»՝ տասը կետ, որոնք Կիևը առաջադրել է որպես պատերազմի ավարտի ու խաղաղության նախապայման։

Սեպտեմբերին, Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն ուղարկեց Ուկրաինա։ Այն Կիև էր տարել Հայաստանի վարչապետի տիկինը՝ առաջին անգամ մասնակցելով Ուկրաինայի առաջին տիկնոջ կողմից անցկացվող ամենամյա գագաթնաժողովին։ Ավելի ուշ՝ վարչապետ Փաշինյանը Գրանադայում կարճ զրույց էր ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

 Ուշագրավ
---