ԶԼՄ․ ՀՀ-ն Հնդկաստանից հակադրոնային համակարգ է գնում

ԶԼՄ․ ՀՀ-ն Հնդկաստանից հակադրոնային համակարգ է գնում

PanARMENIAN.Net - Հայաստանը Հնդկաստանից անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգ է գնում։ Այդ մասին գրել է Eurasian Times պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է Արմենպրեսը։

Նշվում է, որ Հայաստանը պայմանագիր է կնքել Հնդկաստանի կողմից մշակված Zen հակադրոնային համակարգ գնելու շուրջ։ Պայմանագրի արժեքը կազմում է 41․5 միլիոն դոլար։ Դրա մեջ ներառված են ինչպես հակադրոնային համակարգը, այնպես էլ զինվորների վերապատրաստումը։

Ըստ հրապարակման՝ Zen Technologies ընկերության կողմից մշակված հակադրոնային համակարգը տեղորոշում է և դասակարգում ԱԹՍ-ները, հայտնաբերում է դրանց կողմից իրականացվող պասիվ հետախուզությունը, ինչպես նաև վերացնում է սպառնալիքը՝ խափանելով ԱԹՍ-ների կապի համակարգը։

Zen Technologies-ը հայտարարել է, որ 2023 թ․ հոկտեմբերի 28-ին կայացած խորհրդի հանդիպման ընթացքում հավանություն է տրվել Հայաստանում մասնաճյուղի բացմանը։

Պարբերականը հիշեցրել է, որ 2022 թ․ Հնդկաստանը Հայաստանի հետ պայմանագիր է կնքել 250 միլիոն դոլարի «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի, հակատանկային զինամթերքի և այլ ռազմամթերքի մատակարարման շուրջ։

 Ուշագրավ
---