ԱԽ քարտուղար․ Հարցեր ունենք ՀԱՊԿ-ի վարքագծի վերաբերյալ և ակնկալում ենք պատասխաններ

ԱԽ քարտուղար․ Հարցեր ունենք ՀԱՊԿ-ի վարքագծի վերաբերյալ և ակնկալում ենք պատասխաններ

PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պատասխանելով հարցին, թե ինչու Հայսատանը չի մասնակցում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, ասել է, որ ՀՀ–ն հարցեր ունի ՀԱՊԿ-ի վարքագծի վերաբերյալ և ակնկալում է պատասխաններ գործընկերներից։ Այդ մասին նա ասել է Հանրային Հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարի ժամանակ:

«Սկսած 2020-ի պատերազմից, երբ ՀԱՊԿ-ում ասում էին՝ Լեռնային Ղարաբաղը ՀՀ սուվերեն մաս չէ, մենք չենք կարող այդ հարցերով զբաղվել, Հայաստանը չի մասնակցում նիստերի։ 2021 թվականի մայիսից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք, մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին և այդ պահից սկսած մինչև 2022–ի սեպտեմբեր, երբ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա, մենք օգնություն ենք խնդրել, չենք ստացել անհրաժեշտ օգնությունը մեր սուվերեն տարածքը պաշտպանելու համար»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նրա խոսքով՝ 2022-ի սեպտեմբերյան իրադարձություններից սկսած Հայաստանը բազմաթիվ հարցեր է ունեցել ՀԱՊԿ-ին, մինչև այժմ չունի այդ հարցերի պատասխանը և դա է նաև պատճառը, որ ՀՀ ներկայացուցիչը չի մասնակցում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին:

Այն հարցին, թե նիստերին չգնալով, Հայաստանը ստանում է իրեն հուզող հարցերի պատասխանները, Գրիգորյանն ասել է, որ նիստերին մասնակցելով և այլ ձևաչափերով հանդիպումներում չեն ստանում պատասխաններ:

ԱԽ քարտուղարը նիստերին չմասնակցելը դեմարշ չի համարել:

Հայտարարելով, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց Հայաստանի օրակարգում չկա՝ Գրիգորյանը շարունակել է.«Մենք ունենք հարցեր ՀԱՊԿ-ի վարքագծի հետ կապված և ակնկալում ենք, որ այդ հարցերի պատասխանները մեր գործընկերները տան… Որևէ խնդիր չեմ տեսնում, որ մենք չենք մասնակցում որևէ միջոցառման ՀԱՊԿ-ի շրջանակներում»:

Ռուսական առաջին ալիքով իրեն սորոսական համարելը նա գնահատել է անընդունելի գործողություն և բացատրել այն հանգամանքով, որ ՌԴ-ում ինչն անընդունելի է, մտցվում է որոշակի նարատիվով որակավորումների դաշտ:

«Այն վնասում է միջպետական հարաբերություններին և որևէ լրջություն չի հաղորդում ՌԴ-ի վարած քաղաքականությանը»,-հայտարարել է Գրիգորյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն միայն Արևմուտքի հետ չի հարաբերությունները սերտացնում, այլ նաև՝ Իրանի, Հնդկաստանի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին։ Այդ մասին նա տեղեկացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել բելառուսական կողմի նախաձեռնությամբ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը: Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին և ափսոսանք հայտնել այդ կապակցությամբ։

 Ուշագրավ
---