Բաբայան․ Արցախում իրադարձությունների հարցով քննություն է գնում, առաջինը ես եմ հարցաքննվել ՔԿ–ում

Բաբայան․ Արցախում իրադարձությունների հարցով քննություն է գնում, առաջինը ես եմ հարցաքննվել ՔԿ–ում

PanARMENIAN.Net - Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասել է, որ Արցախում տեղի ունեցած իրադարձությունների հարցով ընթանում է քննություն և առաջինը ինքն է հարցաքննության հրավիրվել Քննչական կոմիտե։

Նա նշել է, որ այն, ինչ խոսել են Հանրային հեռուստատեսությամբ, ավելի ծավալուն ներկայացվել է իրենց: Բաբայանը հստակեցրել է, որ խոսքը վերաբերում է իր ներկայացրած հաղորդմանը, զենք-զինամթերքը Ադրբեջանին հանձնելուն, իր կողմից Բաքվի հետ բանակցություններին, Սահմանադրության տապալմանը, գրում է Panorama.am-ը:

Այն հարցին, թե Արցախի պետական ինստիտուտները չպե՞տք է գործեն Հայաստանում, Սամվել Բաբայանը պատասխանել է, որ առաջարկել է հատուկ ծրագրերի վարչություն ստեղծել։

«Ես առաջին օրը հենց վարչապետին առաջարկել եմ հատուկ ծրագրերի վարչություն ստեղծել, որը գործել է 1990-ականներին Մոսկովյան փողոցի վրա, և այդ միջոցով, ինչպես դուք եք ձևակերպում, Ղարաբաղի ժողովրդին տեր կանգնել բոլոր հարցերով: Նիկոլ Փաշինյանը մերժել է, չի հիմնավորել: Երևի մի օր կհանդիպեմ, կխոսեմ»,–ասել է նա։

Ես գրավոր եմ ուղարկել առաջարկը, Նիկոլ Փաշինյանին երկու տարուց ավելի է «ոչ տեսել եմ, ոչ խաբար եմ, ոչ գիտեմ»:

Այն հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում Արցախի ապագան, նա պատասխանել է. «Կա առաջին տարբերակ, վերադարձ բանակցությունների, մնացածը կտեսնենք, ժամանակը ցույց կտա»։

Նա նաև նշել է, որ տեղյակ է՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը այսօր էլ կապի մեջ է Ադրբեջանի հետ։

«Շահրամանյան Սամվելը, որին դուք ընդդիմադիր դաշտը շատ սիրում է, հիմա բանակցում է, ամեն օր զանգում է Բաքու, խոսում է, հիմա ի՞նչ է բանակցում, իրեն հարցրեք։ Ես չգիտեմ, տեղյակ չեմ»,- ասել է նա։

Բաբայանի խոսքով, այդ մասին արցախցի պատգամավորներին ասել է ինքը՝ Շահրամանյանը։

Նա հայտնել է, որ Ղարաբաղի ղեկավարությանն առաջարկել է հանդիպել, կետ առ կետ անցնել՝ ինչպես են պատկերացնում վերադարձը, ինչ կարգավիճակով, դեռ արձագանք չեն ստացել։

Բաբայանը նաև ասել է, որ իր նեկայացուցիչը շփվել էր Ադրբեջանի նախագահի ապարատի հետ, փաստաթղթեր էր փոխանցել նրան։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
---