Ամիրբեկով․ Անկախության հռչակագրից բացի Բաքուն խնդիրներ է տեսնում նաև ՀՀ այլ փաստաթղթերում

Ամիրբեկով․ Անկախության հռչակագրից բացի Բաքուն խնդիրներ է տեսնում նաև ՀՀ այլ փաստաթղթերում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, որ Անկախության հռչակագրից բացի Բաքուն խնդիրներ է տեսնում նաև Հայաստանի ընդունած այլ փաստաթղթերում։ «Ադրբեջանցի բարձրաստիճան դիվանագետը թղթակից Ջոշ Կուչերայի հետ զրույցում պնդել է՝ այդ հարցերը բազմիցս են բարձրացվել հայկական կողմի հետ շփումներում, հայտնում է «Ազատությունը»։

«Այո, բազմաթիվ անգամներ մենք հայկական կողմի ուշադրությունն ենք հրավիրել այդ փաստերին՝ մեր դեմ առ դեմ հանդիպումներում, ինչպես նաև փաստաթղթերի փոխանակման ժամանակ», - ասել է նա՝ մատնացույց անելով կոնկրետ փաստաթղթեր։ Օրինակ՝ այն վերապահումները, որ Հայաստանի խորհրդարանն ընդունել է Ալմաթիի հռչակագիրը վավերացնելիս։

1992 թվականին Հայաստանի Գերագույն խորհուրդը 10 վերապահում էր ընդունել։ Դրանցից մեկն, օրինակ, առաջարկել էր միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հոդվածը վերաշարադրել ու տեքստում ամրագրել նաև ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը։

Ավելի քան 30 տարի առաջ ընդունված այս փաստաթղթից բացի Բաքվի համար վիճահարույց է նաև Հայաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը, որտեղ Ղարաբաղյան խնդրին նվիրված հատվածում ասվում է, թե Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։ Ամիրբեկովը որպես խնդրահարույց օրինակ նշել է նաև Հայաստանի կողմից ՄԻԵԴ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված վերջին հայցերը, պնդելով, թե դրանցում էլ են եղել տարածքային նկրտումներ։

«Հայկական կողմն ընդունում է, որ սա է իրականությունը, բայց ոչինչ չի արվում այդ փաստերը մեղմելու համար», - ասել է նա։

Հայաստանի արտգործնախարարությունը մերժել է այս մասին հարցերին պատասխանելու «Ազատության» խնդրանքը։ Մինչ այդ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ռադիոկայանին տված հարցազրույցում չէր հերքել, որ այս թեմաներով քննարկումներ եղել են և դեռ կլինեն:

«Հարցեր են ներկայացրել, որոնք կողմերը համարել են խնդիրներ: Մենք էլ, համապատասխանաբար, նույն կերպ խնդրահարույց ենք համարել իրենց մոտ ձևակերպումները», - ասել էր նախարարը:

Փետրվարի 1-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարեց, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, իսկ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ասաց, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։ Նրա խոսքով` եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի ԼՂ ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։

Սահմանադրությունը փոխելու ենթատեքստում նա Թուրքիան ու Ադրբեջանը համեմատեց ցլի, իսկ Հայաստանը կարմիր շորով մարդու հետ։ Ըստ Փաշինյանի որքան էլ տատիկի գործած շորը թանկ լինի, Հայաստանը պետք է ընտրի` շարունակում է այդ շորը կրել ու տրորվել ցլի ոտքերի տակ, թե պետք է հանի–շպրտի այն ու փրկվի։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---