ԱԳՆ. ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր կարող լինել

ԱԳՆ. ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր կարող լինել

PanARMENIAN.Net - ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, արձագանքելով Բաքվի դժգոհություններին՝ կապված ապրիլի 5–ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպման հետ, հայտարարել է, որ Բրյուսելում այդ բարձր մակարդակի հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ գործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել:

Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը։ Այդ մասին հայտնել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մանրմասներ չհայտնելով։ Նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները։ Գրիգորյանի խոսքով՝ հանդիպումը նաև Հայաստանի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով է։

«Ինչ վերաբերում է տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու, բանակցային գործընթացում հայկական կողմի կառուցողական չլինելու մասին Ադրբեջանի մեղադրանքներին, թույլ տվեք ևս մեկ անգամ վերահաստատել, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն իսկ համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը, սահմանների սահմանազատման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման: Խոսքը, հիշեցնենք, հետևյալ երեք սկզբունքների մասին է.

ա) Հայաստանը և Ադրբեջանը միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչում են 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Այս սկզբունքը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցվել է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, ապա վերահաստատվել է 2023թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ:

բ) Երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացում են Ալմաթիի հռչակագրի հենքի վրա: Այս սկզբունքը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցվել է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, ապա վերահաստատվել է 2023թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: Սա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման պիտի ստեղծվի, այլ պետք է գետնի վրա վերարտադրվեն այն սահմանները, որոնք ԽՍՀՄ շրջանակներում դե յուրե գոյություն են ունեցել 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունելու պահին: Սահմանագծի վերարտադրությունից հետո դե յուրե յուրաքանչյուր երկրին պատկանող տարածքները պետք է լինեն այդ երկրի վերահսկողության ներքո:

գ) Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում՝ դրանց անցման երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ՝ հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա: Այս սկզբունքը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցվել է 2023թ. հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: Խնդրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունն իր պատրաստակամությունն արտահայտել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որը լայն ընդունելություն է գտել միջազգային հանրության կողմից:

Ցավոք, ադրբեջանական կողմը տարբեր արհեստածին պատրվակներով ձգձգում և խաթարում է խաղաղության գործընթացը, այդ թվում շարունակաբար մերժելով ԵՄ և ԱՄՆ կողմից արվող միջնորդական առաջարկները։ Ներառականության վերաբերյալ դժգոհելու փոխարեն Ադրբեջանը կարող է ի վերջո ընդունել ԱԳ նախարարների մակարդակով Վաշինգտոնում, իսկ երկրների ղեկավարների մակարդակով Բրյուսելում հանդիպելու առաջարկները։ Տեղին է թերևս նաև հիշատակել Ադրբեջանի կողմից շարունակվող գործողությունները, տարածաշրջանային նախագծերից Հայաստանին դուրս թողնելու, ներառականության սկզբունքն ամեն կերպ խաթարելու ջանքերը, ինչի վառ օրինակ է Սևծովյան ստորջրյա էլեկտրական մալուխ ծրագրին Հայաստանի մասնակցության խոչընդոտումը»,–ասել է խոսնակը։

Բադալայնը պատասխանել է նաև Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության վերաբերյալ ադրբեջանական կողմի դժգոհություններին՝ կարևորելով այն, թե ինչ անվտանգային իրավիճակի պայմաններում է իրականացվել ԵՄ առաքելության տեղակայումը։

«Այն հետևել է 2022թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ լայնածավալ հարձակմանն ու ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիային։ Այսօր էլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից մոտ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո: Մենք բարձր ենք գնահատում ԵՄ մշտադիտարկման առաքելության դերը տարածաշրջանում ուժի կիրառման նկրտումները զսպելու և Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին կայունության ամրապնդման համատեքստում։ Ողջունում ենք նաև առաքելության թվակազմի մեծացման վերաբերյալ ԵՄ կողմից ամիսներ առաջ կայացված որոշումը։ Տեղին է նաև հիշեցնել, որ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպմանն Ադրբեջանն ինքը ողջունել է ոչ միայն Հայաստանում, այլև Ադրբեջանում ԵՄ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու ԵՄ խորհրդի նախագահի և Ֆրանսիայի նախագահի կողմից արված առաջարկը: Ավելի ուշ, ցավոք, Ադրբեջանը հրաժարվել է այդ դիրքորոշումից»,–նշել է ԱԳՆ խոսնակը։

Խոսելով ապրիլի 5–ի հանդիպումից հայկական կողմի ակնկալիքների մասին՝ Բադալյանն ասել է, որ հանդիպումն արժեքավոր հնարավորություն է քննարկելու Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգերին, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր։

«Ակնկալում ենք բովանդակային քննարկումներ ունենալ մեր միջև առկա քաղաքական երկխոսության, տնտեսական, էներգետիկ ոլորտներում ՀՀ կարողությունների զարգացման, Հայաստանի առջև ծառացած հումանիտար խնդիրների հասցեագրման շուրջ։ Բարձր մակարդակի հանդիպումը միտված է առկա հարաբերությունների զարգացմանը և խորացմանը և կապված չէ երրորդ երկրների հետ։ Որևէ մեկի դեմ դրա ուղղված լինելու մասին պնդումները անտեղին, անհիմն և արհեստածին են»,–նշել է նա։

Բաքվում տագնապած են ապրիլի 5–ին կայանալիք ՀՀ–ԵՄ–ԱՄՆ հանդիպումից, որին մասնակցելու են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, համարելով դա «հայամետ դիրքորոշման դրսևորում»։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեի հայտարարության մեջ։

Նշվում է, որ «Վաշինգտոնի և Բրյուսելի բացահայտ հայամետ դիրքորոշումը Հայաստանում ռևանշիստական տրամադրությունների ֆոնին, կարող է Հայաստանում վտանգավոր պատրանք ստեղծել, որ ԵՄ–ն ու ԱՄՆ–ն կաջակցեն նրան Ադրբեջանի դեմ հնարավոր սադրանքների դեպքում»: Ասվում է նաև, որ այդ դեպքում «ԵՄ–ն ու ԱՄՆ–ն կկիսեն պատասխանատվությունը ՀՀ ապակայունացնող գործողությունների համար»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---