Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը

Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը

PanARMENIAN.Net - Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։ Հարազատները խնդրել են նրան դադարեցնել հացադուլը՝ հաշվի առնելով նրա առողջական վատթարացող վիճակը:

Անսալով ընտանիքի հորդորին` Ռուբեն Վարդանյանը համաձայնել է դադարեցնել հացադուլը, հայտնում է Վարդանյանի գրասենյակը։

Նա խոսել է կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ: Սա երկրորդ հեռախոսազրույցն է եղել ընտանիքի հետ ապրիլի 5–ին նրա սկսած հացադուլից հետո։

Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին:

Վարդանյանը հացադուլ էր հայտարարել ապրիլի 5-ին, որը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան՝ ժամանակին, արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի դիմումներին, որոնք անընդհատ մերժվել են: Դատական նիստն ի սկզբանե սպասվում էր հունվարին, սակայն առանց որևէ հիմնավորման հետաձգվել էր մինչև մայիս:

Հացադուլ սկսելուց հետո Վարդանյանին զրկել են ընտանիքի հետ կանոնավոր հեռախոսազանգ ունենալու հնարավորությունից: Այսպիսով Ադրբեջանը ևս մեկ խախտում է ավելացրել միջազգային նորմերի խախտումների իր ցանկին։ Վարդանյանն այդ ընթացքում պահվել է լիակատար մեկուսացման մեջ՝ առանց առողջության համապատասխան խնամքի, բացառությամբ նրա, որ ժամանակ առ ժամանակ չափել է արյան ճնշումը։ Նրա առողջության իրական վիճակի վերաբերյալ մտահոգությունները շարունակում են պահպանվել:

«Մենք լրջորեն մտահոգված ենք հորս առողջության վատթարացող վիճակով, թեպետ ամենևին էլ զարմացած չենք նրա խիզախությամբ: Ցավոք, նրա պահման պայմանները միմիայն վատթարանում են։ Աշխարհն Ադրբեջանին ցույց տվեց, որ հետևում է հայ բանտարկյալների, այդ թվում՝ հորս ճակատագրին, և ես մեր ընտանիքի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին՝ այս դժվար ժամանակահատվածում մեզ աջակցելու համար»,-ասել է Դավիթ Վարդանյանը՝ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին։

Նա հույս է հայտնել, որ աճող միջազգային ուշադրությունը կհանգեցնի նրա և մյուս հայ գերիների ազատ արձակմանը մոտ ապագայում:

Ռուբեն Վարդանյանին առաջադրվել են շինծու մեղադրանքներ քաղաքական դրդապատճառներով և նրան պահում են ոչ պատշաճ պայմաններում: Վարդանյանի գործն առանձնացվել է մյուս յոթ քաղբանտարկյալների գործերից՝ հարց առաջացնելով հատկապես նրա՝ քաղաքականապես թիրախավորված լինելու վերաբերյալ։ Ռուբեն Վարդանյանն ապօրինաբար կալանավորված է արդեն 200 օրից ավելի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---