2 մայիսի 2024 - 10:34 AMT
Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, անդրադառնալով սահմանազատման գործընթացին Տավուշի մարզում, հայտարարել է, որ սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, սահմանի պահպանության հարցն ամբողջությամբ իրականացնելու են ԱԱԾ սահմանապահ զորքերը, քանի որ ՀՀ սահմանի պահպանություն իրականացնելը սահմանապահ զորքերի մանդատի շրջանակում է։

Անդրադառնալով այն մեղադրանքներին, որ, ըստ հրապարակված քարտեզի, հայկական կողմը դիրքեր է զիջում Ադրբեջանին՝ վարչապետն ասել է, որ, ելնելով վերոնշյալից, սահմանի վրա ՊՆ դիրքեր այլևս չեն լինելու։

«Այո, այդ դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է Փաշինյանը։

Նա անդրադարձել է նաև տեղանքի հարցում կողմնորոշվելու մեթոդաբանությանը։

«Քարտեզի վրա ենթադրենք շատ բարակ գիծ ունենք ճի՞շտ է, բայց քարտեզի մասշտաբից կախված այս գիծը գետնի վրա ունի լայնություն: Քարտեզի մասշտաբից կախված այս գիծը կարող է լինել 40 մետր լայն, այս գիծը կարող է լինել 15 մետր լայն և այսպես շարունակ»,–ասել է Փաշինյանը։

Նա ասել է, որ Հայաստանի անվտանգության ապահովման շահերից է բխում, որ մենք ի վերջո որդեգրենք մեր տարածաշրջանում առանց արտաքին օգնության և առանց արտաքին հովանավորության ապրելու բանաձև:

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։ Ապրիլի 29–ի դրությամբ տեղադրվել է արդեն 35 սյուն, դա աշխատանքի կեսից ավելին է կազմում։

Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը: