ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով

ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարությունը, արձագանքելով սահմանադրական իրավունքի փորձագետ Վարդան Պողոսյանի պնդմանը, թե սահմանազատման հետևանքով Ադրբեջանին անցնող տարածքները պատկանում են ՀՀ–ին, քանի որ կադաստրի կոմիտեն իրավունքի գրանցման վկայականներ է տրամադրել Կիրանցի բնակիչներին, հայտարարել է, որ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա։

Մայիսի 17-ին «Ազատություն ռադիոկայանը» հրապարակել է «Ադրբեջանին են անցնում դե յուրե ՀՀ տարածքներ. սահմանադրագետ» վերտառությամբ տեսանյութ, որում սահմանադրագետ Վարդան Պողոսյանը մի շարք թեզեր են հնչեցրել։

Արդարադատության նախարարությունը սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող է անվանել և ներկայացրել է իր հակափաստարկները։

«Համապատասխան իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ պնդելու, որ անճշտությունների հիման վրա պետական գրանցումների կատարման փաստի ուժով խնդրո առարկա տարածքները համարվում են ՀՀ ինքնիշխան տարածքի մաս»,- նշված է հայտարարության մեջ։

ԱՆ-ից արձագանքել են Պողոսյանի նաև մեկ այլ դիտարկմանն՝ այն մասին, որ պետական սահմանը կարող էր սահմանազատվել միայն ամբողջ սահմանի վերաբերյալ համաձայնության հասնելուց հետո՝ միջազգային պայմանագրի հիման վրա։

«Իրականացվող գործընթացն իրենից ներկայացնում է պետական սահմանի վերարտադրության, այլ ոչ թե նոր սահմանի գծման գործընթաց։ Ներկայումս 1969թ․ ՀԽՍՀ և ԱԽՍՀ ԳԽ նախագահությունների որոշումներով հաստատված փաստաթղթերի և դրանց հիման վրա կազմված քարտեզներով առաջնորդվելով՝ վերարտադրվում է երկրների միջև ԽՍՀՄ տարիներին փոխհամաձայնեցված սահմանը՝ Ալմա Աթայի հռչակագրով փոխհամաձայնեցված սկզբունքների հիման վրա։ Հարկ է նկատել նաև, որ երկու երկրների հանձնաժողովների 2024 թվականի ապրիլի 19-ի հանդիպման արդյունքներով տարածված հաղորդագրությամբ մատնանշված է, որ 4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը: Իսկ սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը հաստատող փաստաթուղթ պետք է արդեն հանդիսանա Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվող Պետական սահմանի մասին միջազգային պայմանագիրը, որը վավերացման ենթակա կլինի ՀՀ Ազգային ժողովի կողմից:

Հետևաբար իրականացվող գործընթացն ամբողջությամբ իրավաչափ է: Իրականացվող գործընթացի շրջանակում առաջիկայում նաև երկու հանձնաժողովները կհամաձայնեցնեն հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի նախագիծը և կներկայացնեն խորհրդարանների հաստատմանը»,–ասվում է ԱՆ հայտարարության մեջ։

Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, պատասխանելով սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների մայիսի 15-ին հրապարակված հայտարարության մասին հարցերին, նշել է, որ Տավուշում 25 հեկտար հողերը կվերադարձվեն Կիրանցին, և որ ճանապարհի տեղափոխման խնդիր կա։ Նշվել է նաև, որ սահմանապահները կկանգնեն սահմանազատված հատվածում 8-9 օրվա ընթացքում, իսկ Կիրանցի զգայուն հատվածում՝ ավելի ուշ։

Մինչդեռ կիրանցեցիները դժգոհ են պայմանավորվածությունից։ Նրանք տարակուսած են, թե ինչո՞ւ է վարչապետի աշխատակազմը որպես նպաստավոր լուր արձանագրել, թե Կիրանցին վերադարձվում է մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող, այն դեպքում, որ այդ ականապատ հողերը միշտ են եղել հայկական վերահսկողության տակ։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---