Նախարար․ Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով 17 կամուրջ է փլուզվել

Նախարար․ Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով 17 կամուրջ է փլուզվել

PanARMENIAN.Net - Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով 17 կամուրջ է փլուզվել, որոնցից 5-ը՝ խոշոր։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նա նաև ասել է, որ մեծ ջանք ու ժամանակ կպահանջվի դրանք վերականգնելու համար, հայտնում է Արմենպրեսը։

«Ընդհանուր առմամբ՝ 17 կամուրջ է փլուզվել։ Դրանց մի մասը փոքր կամուրջներ են՝ համայնքային նշանակության, բայց նաև փլուզվել է 5 խոշոր կամուրջ, և մեզանից մեծ ջանք ու ժամանակ կպահանջվի դրանք վերականգնելու համար։

Այդ կամուրջների փլուզման հետևանքով ստեղծվել է բնակավայրերի հետ կապի լուրջ խնդիր։ Եթե փոքր համայնքների պարագայում լուծումներ գտնվել են և այդ համայնքներում կապի խնդիր չկա, խոշոր կամուրջների փլուզման պարագայում կապի խնդիր ստեղծվել է»,- ասաց Սանոսյանը։

Հորդառատ անձրևներց հեղեղումների և Դեբեդ գետի վարարման հետևանքով կա 3 զոհ, որոշ բնակավայրերի հետ կապ չկա։ Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։

 Ուշագրավ
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---