Սեժուրնե․ Ֆրանսիան կշարունակի գործակցել ՀՀ հետ պաշտպանության բնագավառում![]() 16 սեպտեմբերի 2024 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ պաշտոնական Փարիզը շարունակելու է պաշտպանության բնագավառում Երևանի հետ գործակցությունը։ «Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր տարածքը, ամբողջականությունը և բնակչությունը։ Երկու երկրի պաշտպանական համագործակցությունն ուղղված չէ տարածաշրջանում իրավիճակի սրմանը, նման մտադրություններ ոչ ոք չունի»,– նշել է Սեժուրնեն, հայտնում է Sputnik Արմենիան։ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի գլխավորած պատվիրակության այցը սեպտեմբերի 15-ին մեկնարկել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցով։ Սեժուրնեն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո հյուրերը անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Սեժուրնեն եղել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում։ Երևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են կնքել։ Հունիսի 17-ին Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ՝ կողմերը կարևորել են ռազմատեխնիկական գործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ: ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։ Պապիկյանը մասնակցել է Eurosatory միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |