Միրզոյանն ու ՄՔԴ նախագահը քննարկել են միջազգային արդարադատության համակարգի առջև ծառացած մարտահրավերները

Միրզոյանն ու ՄՔԴ նախագահը քննարկել են միջազգային արդարադատության համակարգի առջև ծառացած մարտահրավերները

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին Հաագա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄՔԴ նախագահ Տոմոկո Ականեի հետ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային արդարադատության համակարգի առջև ծառացած մարտահրավերների շուրջ՝ կարևորելով անկախ դատական մեխանիզմների դերի ամրապնդումը գլոբալ ճգնաժամերին պատշաճ արձագանքելու, ինչպես նաև խաղաղության ապահովմանը նպաստելու գործում։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ընթացիկ տարվա փետրվարին Միջազգային քրեական դատարանին ՀՀ անդամակցությունից ի վեր դատարանի և ՀՀ միջև փոխգործակցության հարցերի շուրջ։

Միրզոյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունը ներգրավվել միջազգային համագործակցության ջանքերում՝ միտված միջազգային իրավական նորմերի պահպանմանն ու իրավունքի գերակայության ապահովմանը։

Ընդգծվել է համագործակցային ջանքերի կարևորությունը մարտահրավերների հաղթահարման գործում։

Հանդիպմանը նաև անդրադարձ է կատարվել Հռոմի Կանոնադրության դրույթներին համապատասխան ազգային օրենսդրության կատարելագործման մասով տարվող աշխատանքներին՝ ուղղված դատարանի հետ փոխգործակցության ընթացակարգային ասպեկտների կարգավորմանը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, դատարանի առաջին փոխնախագահ Ռոզարիո Սալվատորե Այտալան և գլխավոր քարտուղար Օսվալդո Ջավալա Գիլերը։

Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն առաջացրել էր ռուսական կողմի դժգոհությունը, քանի որ Միջազգային քրեական դատարանը 2023–ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր էր տվել, ինչը ենթադրում է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պետք է ձերբակալեն ՌԴ նախագահին, եթե նա այցելի այդ երկրներ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն նույնիսկ բողոքի նոտա էր հղել՝ Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը ԱԺ-ի վավերացմանն ուղարկելու առնչությամբ։ Հայաստանի տարբեր պաշտոնյաները հայտարարել են, որ Հռոմի ստատուտին միանալու որոշումը կայացվել է, քանի որ դրանով Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու հնարավորություն են տեսնում։

 Ուշագրավ
---