Մինսկում ձերբակալված բլոգեր Բելլա Բաբախանյանը ՀՀ–ում է

Մինսկում ձերբակալված բլոգեր Բելլա Բաբախանյանը ՀՀ–ում է

PanARMENIAN.Net - Բելառուսում բնակվող հայ բլոգեր Բելլա Բաբախանյանը վերադարձել է Հայաստան՝ չնայած ադրբեջանցիներից ստացած սպառնալիքներին։

Մինսկում բերման ենթարկված և 15 օրով ձերբակալված բլոգեր Բելլա Բաբախանյանը Հայաստանում է։ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ դեռ չի կարողանում հավատալ իր վերադարձին։

Բելլա Բաբախանյանը սոցիալական ցանցերում հանդես է գալիս հայկական շահերի պաշտպանությամբ՝ հաճախ քննարկումների մեջ մտնելով ադրբեջանցիների հետ։ Վերջերս նա հայտնել էր, որ ադրբեջանցիները սպառնում են իրեն, ասելով, թե պատրաստվում են հասնել նրա ձերբակալմանն ու արտահանձնմանն Ադրբեջանին։

«Երբ ինքնաթիռում էի, ասում էի՝ մինչև Հայաստանի հողի վրա չիջնեմ, չեմ հավատա»,- նշել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Բաբախանյանը պատմել է, որ վերջին օրերին իր հետ կատարվածը վերապրում է որպես հրաշք, քանի որ իրավիճակը կտրուկ փոխվել է։ Նա հիշել է, թե ինչպես է Բելառուսի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ զգուշացել սնունդից՝ մտածելով, որ կարող են քնեցնել իրեն և ուղարկել Ադրբեջան։

Նա խոստովանել է, որ անչափ ուրախացել է, երբ տեսել է հայտնի գործարար և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, սակայն սկզբում կասկածել է, որ դա կարող է ադրբեջանցիների կողմից ուղարկված նմանակը լինել՝ իրեն ինքնակամ ինքնաթիռ նստեցնելու համար։

Բլոգերը հայտնել է, որ ծնողները մահացած են, սակայն Հայաստանում բնակվում է իր եղբայրը։

Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը նախօրեին հայտնել էր, որ Ծառուկյանն աջակցել է Բաբախանյանին՝ լուծելով նրա իրավական խնդիրները և հրավիրելով նրան Հայաստան։ Գագիկ Ծառուկյանի միջամտության արդյունքում իրավիճակը կարգավորվել է։

Բելառուսում բլոգեր Բելլային ձերբակալման մասին առաջինը հայտնել էր բլոգեր Ալեքսանդր Լապշինը։ Բելլային Բելառուսում 15 օրով ձերբակալել են, ըստ Լապշինի, նրան մտադիր էին հանձնել Ադրբեջանին, սակայն բարձրացած աղմուկի պատճառով դա չի ստացվել։ Բելլան ունի Հայաստանի և Բելառուսի երկքաղաքացիություն։ Նրան առաջադրվել էին մեղադրանքներ Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածներով․Ռասայական, ազգային, կրոնական կամ այլ սոցիալական թշնամանքի կամ հակակրանքի հրահրում և այլ։

 Ուշագրավ
---