Միրզոյան. ԱՄՆ հետ ռազմավարական փաստաթուղթը կյանքի կկոչվի՝ առաջիկայում նորություններ կլինեն

Միրզոյան. ԱՄՆ հետ ռազմավարական փաստաթուղթը կյանքի կկոչվի՝ առաջիկայում նորություններ կլինեն

PanARMENIAN.Net - Հայաստանը շարունակում է սերտորեն աշխատել ԱՄՆ նոր վարչակազմի, նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա թիմի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը«/б»՝ ներկայացնելով կառավարության 2024 թվականի ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները։

Նա նշել է, որ ԱՄՆ հետ ռազմավարական փաստաթուղթը կյանքի կկոչվի՝ առաջիկայում նորություններ կլինեն, հայտնում է Արմենպրեսը։

Նա հիշեցրել է, որ տարեսկզբին ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը կարևոր փուլ է նշանավորել երկկողմ հարաբերություններում։

Միրզոյանը նաև անդրադարձել է մտահոգություններին, թե նոր գործընկերությունը կարող է չշարունակվել ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ՝ վստահեցնելով, որ այդ մտավախությունները անհիմն են, քանի որ նոր վարչակազմի ներկայացուցիչները դեռևս անցումային փուլում մասնակցել են այս գործընթացին։

«Եվ հիմա կարող եք փաստել, որ մեր ակտիվ աշխատանքները Միացյալ Նահանգների նոր վարչակազմի, նախագահ Թրամփի, նրա թիմի ներկայացուցիչների հետ շարունակվում են: Առաջիկայում ևս կլինեն որոշակի նորություններ՝ ի դեպ, նույն ռազմավարական համագործակցության փաստաթղթով նախատեսված որոշ դրույթների կյանքի կոչման ուղղությամբ»,- նշել է Միրզոյանը։

Հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են ռազմավարական գործընկերության փաստաթուղթ՝ ամրապնդելով երկու երկրների համագործակցությունը։ Բլինքենը կանոնադրության ստորագրման արարողության իր խոսքում ասել էր, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ–ից մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ կմեկնի Հայաստան՝ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ հայ գործընկերների հետ աշխատելու համար։

 Ուշագրավ
---