Միրզոյանը՝ Հնդկաստան–Պակիստան սրացման մասին․ Պետք է ընդունել ահաբեկչությունից պաշտպանվելու երկրի իրավունքը

Միրզոյանը՝ Հնդկաստան–Պակիստան սրացման մասին․ Պետք է ընդունել ահաբեկչությունից պաշտպանվելու երկրի իրավունքը

PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Հնդկաստանի և Պակիստանի միջև վերջին ռազմական լարվածությանը՝ ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում։ Նա հիշեցրել է, որ լարվածությունը սկիզբ է առել ահաբեկչական գործողությունից։

Նա հավելել է, որ պետք է ճանաչենք ահաբեկչությունից պաշտպանվելու երկրի իրավունքը, հայտնում է Արմենպրեսը։

«Տեղի էր ունեցել ահաբեկչություն։ Հայաստանի Հանրապետությունը շատ արագ արձագանքել է, դատապարտել է ահաբեկչությունը, ցավակցել է զոհերի ընտանիքների անդամներին ու հարազատներին և զորակցություն է հայտնել։ Մենք, և, կարծում եմ, իրեն որևէ քաղաքակիրթ համարող պետություն չի կարող ողջունել ահաբեկչությունը, կարող է միայն դատապարտել ահաբեկչությունը։ Եվ մենք, կարծում եմ, որ պետք է ճանաչենք նաև ահաբեկչությունից պաշտպանվելու երկրի իրավունքը։ Մենք այս հարցին այդ պրիզմայով ենք նայում և այդպես ենք ընկալում, այդպիսին է մեր դիրքորոշումը»,–նշել է Միրզոյանը:

Սրացման պատճառ է դարձել ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի Փահալգամ քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, որի հետևանքով զոհվել է 26 մարդ, այդ թվում՝ Նեպալի մեկ քաղաքացի։ Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են, որ ունեն ապացույցներ՝ հարձակման մեջ Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ներգրավվածության վերաբերյալ։

Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Պակիստանի տարածքում գտնվող ինը թիրախների, որոնք, ըստ Նյու Դելիի, օգտագործվում էին ահաբեկչական խմբավորումների կողմից։ Հնդկական կողմը շեշտել է, որ Պակիստանի զինված ուժերին պատկանող որևէ ռազմական օբյեկտ թիրախ չի դարձել։

Ադրբեջանը դատապարտել է Հնդկաստանին «Պակիստանի դեմ ագրեսիայի համար»։

 Ուշագրավ
---