Փաշինյանն` ադրբեջանցի լրագրողին․ ՀՀ Սահմանադրության մեջ տարածքային հավակնություն չկա որևէ հարևանի նկատմամբ![]() 16 մայիսի 2025 - 10:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե Հայաստանի նոր Սահմանադրության մեջ հղում լինելո՞ւ է Անկախության հռչակագրին, ասել է, որ Հայաստանի Սահմանադրությունը տարածքային որևէ պահանջ չի պարունակում հարևանների նկատմամբ, հայտնում է Արմենպրեսը։ «Մենք դեռ նոր Սահմանադրության նախագիծ չունենք, բայց մենք վերլուծել ենք մեր Սահմանադրությունը, գիտենք այն խնդիրները, որոնք բարձրացնում է Ադրբեջանը, և ակնհայտ է, որ դե յուրե, մեր Սահմանադրական դատարանի որոշմամբ, մեր գործող Սահմանադրությունը որևէ տարածքային պահանջ չի պարունակում մեր հարևանների նկատմամբ»։ Սա արդեն իրավաբանորեն հաստատված փաստ է, և սա շատ կարևոր է։ Եվ ես նաև կցանկանայի նշել հետևյալը. ակնհայտ է, որ Ադրբեջանը երկու հարց է բարձրացնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Մեկ հարցը կապված է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հետ։ Մենք ասում ենք, որ ընդհանուր առմամբ, այդ օրակարգը մեզ համար ընդունելի է, և ուզում ենք համոզվել, որ Ադրբեջանի ցանկությունը չէ փակել հակամարտությունը իր տարածքում և արտահանել այն Հայաստանի Հանրապետության տարածք։ Եվ դրա համար լուծում կա։ Մեր առաջարկած լուծումը հետևյալն է. միաժամանակ ստորագրել խաղաղության համաձայնագիր և դիմել ԵԱՀԿ-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար։ Այսինքն՝ նույն տեղում և նույն ժամանակ, ինչը շատ կարևոր է։ Եվ դա շատ կարևոր փոխադարձ ժեստ կլինի մեր տարածաշրջանում վստահության և կայունության համար»,–ասել է նա։ ՀՀ վարչապետը նշել է, որ համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստում հստակ ընդգծված է՝ կողմերը ճանաչում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմնված Ալմաթիի հռչակագրի և խորհրդային վարչական սահմանների վրա։ Նա հիշեցրել է. «Ես արդեն խոսել եմ դրա մասին և ուզում եմ նշել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի՝ արդեն համաձայնեցված տեքստում շատ պարզ ու հստակ նշված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հիմնվելով Ալմաթիի հռչակագրի վրա և հենվելով այն փաստի վրա, որ խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները դարձել են պետական սահմաններ։ Սա նշանակում է, որ Խորհրդային Ադրբեջանն անկախ Ադրբեջանն է, Խորհրդային Հայաստանը՝ անկախ Հայաստանը։ Սա առաջին շատ կարևոր փաստն է։ Այնտեղ նաև հոդված կա, որտեղ նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են ապագայում նման հարցեր և պահանջներ չբարձրացնել։ Այսինքն՝ իրականում այն հարցերը, որոնք այժմ բարձրացվում են թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, լուծված են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծում»,–ասել է վարչապետը։ Փաշինյանը մատնանշել է նաև պայմանագրում ամրագրված դրույթը, ըստ որի՝ կողմերը չեն կարող ներքին օրենսդրությամբ խոչընդոտել համաձայնագրի կիրարկումը։ «Մի շատ կարևոր հոդված էլ կա, որում ասվում է, որ կողմերից ոչ մեկը չի կարող հիմնվել իր սեփական օրենսդրության վրա՝ այս համաձայնագիրը չկատարելու համար։ Եվ երբ համաձայնագիրը ստորագրվի, ըստ Հայաստանի օրենսդրության, մենք պետք է այն ուղարկենք Սահմանադրական դատարան, որպեսզի Սահմանադրական դատարանը կարողանա որոշում կայացնել մեր Սահմանադրությանը համապատասխան։ Եվ երբ Սահմանադրական դատարանը որոշի, որ համաձայնագիրը լիովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, դա նշանակում է, որ այս փաստաթուղթը ՀՀ խորհրդարանում վավերացնելու համար որևէ խոչընդոտ չի լինի։ Երբ վավերացվի Հայաստանի խորհրդարանում, ուժի մեջ կմտնի մեր Սահմանադրության այն հոդվածը, որում նշվում է, որ վավերացված միջազգային պայմանագրերն ունեն բարձրագույն իրավական ուժ և գերակայություն ունեն տեղական օրենքների նկատմամբ»,-ասել է Փաշինյանը։ ։ Վարչապետը պարզաբանել է, որ հենց այս պատճառով է մանրամասնորեն անդրադառնում Սահմանադրությանն առնչվող հարցերին, քանի որ Բաքուն պնդում է՝ իբր ՀՀ Սահմանադրությունը տարածքային հավակնություններ է պարունակում։ «Ինչո՞ւ եմ ես այս ամենը ասում։ Քանի որ հիմա ադրբեջանական կողմը հարցեր է բարձրացնում այն մասին, որ Հայաստանի Սահմանադրությունը, իբր, տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, ես արդեն խոսել եմ այս մասին։ Եթե այս մտահոգությունները իրական են, ապա խնդիրը լուծելու ամենաարագ ճանապարհը խաղաղության համաձայնագիր ստորագրելն է։ Որովհետև երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի և վավերացվի Հայաստանի խորհրդարանում, արդեն ամենաբարձր օրենսդրական մակարդակով կհաստատվի, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ ընդհանրապես իր հարևանների նկատմամբ։ Մենք նույնպես մտահոգություններ ունենք և տեսնում ենք, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ։ Բայց մենք այս հարցը չենք բարձրացնում այնպես, ինչպես դա անում է Ադրբեջանը։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք տեսնում ենք, որ այս հարցը լուծվել է արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագրի նախագծում։ Եվ այս խնդիրը լուծելու և վերացնելու համար մենք պարզապես պետք է ստորագրենք խաղաղության համաձայնագիրը և վավերացնենք այն։ Եվ մենք պատրաստ ենք նման որոշում կայացնելու»,–նշել է նա։ Լրագրողի հարցին, թե ինչու Հայաստանը նախ չի ցանկանում ստորագրել հայտարարություն ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ, Փաշինյանը պատասխանել է՝ այդ պայմանավորվածությունը կարելի է ձեռք բերել միաժամանակ խաղաղության համաձայնագրի հետ։ «Քանի որ մենք մտահոգություններ ունենք Ադրբեջանի Սահմանադրության վերաբերյալ, մենք տեսնում ենք Ադրբեջանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ։ Եվ, ցավոք, մենք տեսնում ենք Ադրբեջանում որոշակի քաղաքական շարժումներ, որոնք հիմք են տալիս մտածելու, որ առնվազն Ադրբեջանում կան շրջանակներ, որոնք ցանկանում են, եթե կարելի է այդպես ասել, փակել հակամարտության էջը իրենց տարածքում և արտահանել հակամարտությունը Հայաստանի տարածք»,-նշել է վարչապետը։ Երբ լրագրողը նշել է, որ Բաքուն արդեն հայտարարել է՝ չունի տարածքային հավակնություններ Հայաստանի նկատմամբ, Փաշինյանը արձագանքել է. «Առավել ևս։ Շատ լավ։ Ի՞նչ խնդիր կա։ Եկեք նույն ժամին, նույն օրը, նույն տեղում միասին ստորագրենք խաղաղության համաձայնագիրը և համատեղ հայտարարություն, համատեղ փաստաթուղթ ուղղված ԵԱՀԿ-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարման վերաբերյալ։ Ես բազմիցս հրապարակավ խոսել եմ այս մասին և հայտարարել մեր պատրաստակամության մասին։ Ես հաստատում եմ մեր պատրաստակամությունը»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծն արդեն համաձայնեցված է և սպասում է վերջնական ստորագրման։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահին առաջարկում է նախաձեռնել խորհրդակցություններ համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։ Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |