Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է տվել։Նա այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ։

Նա նշել է, որ օրերս Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած սադրանքն ու դրան հաջորդած զարգացումները դարձել են լայն քննարկման թեմա՝ հասնելով մինչև Ազգային ժողով, հայտնում է Radar․am-ը։

«Դառնալու է շահարկման առարկա այն, որ ես, լինելով վարչական շրջանի ղեկավար, խոչընդոտելու եմ դատավարության ընթացքին։ Հետևաբար, պարոն քաղաքապետ, այսօրվանից դադարեցնում եմ իմ լիազորությունները՝ որպես Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար»,- ասել է Տեր-Մարգարյանը։

Նա շնորհակալություն է հայտնել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և Նոր Նորք վարչական շրջանի բնակչությանը։

«Խոսքս ուզում եմ ուղղել ԱԺ-ում ծվարած որոշ մանդատագողերի՝ 2026թ. սարերի հետևում չէ, մենք հանդիպելու ենք 2026-ին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին»,- ասել է նա։

Նոր Նորքի թաղապետարանում մայիսի 30–ին տեղի ունեցած ծեծկռտուքից հետո քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ։Բռնության դեպքը տեղի է ունեցել թաղապետարանում հրավիրված հանրային քննարկման մեկնարկից առաջ, երբ բախում է տեղի ունեցել բլոգեր ու ակտիվիստ Արթուր Չախոյանի, թաղապետ Տեր-Մարգարյանի, նրա թիմակիցների և թաղապետարանի աշխատակիցների միջև։

Միջադեպից հետո վեց մասնակից է ձերբակալվել, սակայն նրանց թվում չի եղել Տիգրան Տեր-Մարգարյանը; Չախոյանը, որը նույնպես ձերբակալվել էր, ավելի ուշ ազատ է արձակվել, սակայն դեռևս հիվանդանոցում է։

 Ուշագրավ
---