Լավրովը՝ ՀՀ նախագահին․ 2024–ի աշնանը մեր ղեկավարները պայմանավորվել են ամբողջ ծավալով վերականգնել կոնտակտները

Լավրովը՝ ՀՀ նախագահին․ 2024–ի աշնանը մեր ղեկավարները պայմանավորվել են ամբողջ ծավալով վերականգնել կոնտակտները

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևանում հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ՝ վերահաստատելով Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները։

«Հունվարին իմ գործընկեր Արարատ Միրզոյանը եղել էր Մոսկվայում, հիմա ես Երևանում եմ: Շուտով տարածաշրջանային ֆորումը կլինի: Շատ կարևոր է, որ անցյալ տարվա աշնանը մեր ղեկավարները պայմանավորվել են ամբողջ ծավալով վերականգնել մեր կոնտակտները և, ահա, համենայն դեպս, ինչը վերաբերում է արտաքին գործերի նախարարությանը, մենք այդ հանձնարարությունը կատարում ենք:

Եվ այսօր մեր գնահատականն այսպիսին է: Առաջինը՝ շատ օգտակար, բաց խոսակցություններ, չփորձելով անտեսել ինչ-որ նրբերանգներ, որտեղ ամբողջությամբ, 100 տոկոսով համընկնում են մեր դիրքերը, բայց որքան բաց և անկեղծ մեկս մյուսի հանդեպ լինենք, այնքան, հնարավոր է, որ ավելի հեշտ լինի իրականացնել այն ամենը, ինչը փոխշահավետ է և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի Դաշնության համար: Մենք դաշնակիցներ ենք, մենք ռազմավարական գործընկերներ ենք: Այսօր մենք հերթական անգամ հաստատեցինք մեր դաշնակցային հարաբերությունները, մեր երկկողմ հավատարմությունը մեր պարտավորություններին: Այնպես որ կարծում եմ, որ շատ օգտակար, արձանագրված քաղաքական պահ էր այդ թվում հանրային մակարդակով»:

Վահագն Խաչատուրյանը կարևորել է Սերգեյ Լավրովի այցը՝ նշելով, որ այն նշանակալի դեր ունի հայ-ռուսական հարաբերություններում, որոնք այս տարվա ընթացքում որոշակի ակտիվություն են ցուցաբերել։ Նա ակնկալել է, որ այդ գործընթացը շարունակական կլինի։

Խաչատուրյանը նաև փոխադարձ ողջույններ է հղել Վլադիմիր Պուտինին՝ հիշեցնելով վերջին հանդիպումը Թուրքմենստանում և շեշտելով, որ այն անցել է հետաքրքիր զրույցի մթնոլորտում։

«Համոզված եմ, որ Ձեր այցը նշանակում է այն երկխոսության շարունակություն, որը կար և հիմա ընթանում է: Մենք չենք մոռացել և գնահատում ենք այն դրականը, որ կա մեր հարաբերություններում և մենք պետք է շարունակենք այդ դրական հարաբերությունները: Մեր հարաբերությունները պետք է զարգանան փոխշահավետ պայմաններում, ինչի մասին Դուք ևս նշեցիք: Իրոք, եթե ինչ-որ անհասկացվածություն է լինում, պետք է բաց և անկեղծ խոսակցություն լինի: Երբ հնարավորություն է ստեղծվում բաց և անկեղծ խոսել, ապա բոլոր հարցերը հնարավոր է լուծել:

Այս տարի նախատեսված է Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան, որը ևս կարևոր նշանակություն ունի: Նախատեսվում է նաև Հայաստանի մշակութային օրերի անցկացում Ռուսաստանում, ինչը ևս կարևոր է:

Համոզված եմ, որ այն քայլերը, որոնք ձեռնարկվում են և ռուսական, և հայկական ղեկավարությունների կողմից, ուղղված են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը բոլոր ոլորտներում: Այն առաջարկությունները, որոնք հնչել են Հայաստանի և Ռուսաստանի կողմից, կապված տարածաշրջանային խնդիրների լուծման և հարաբերությունների հետագա զարգացման, անվտանգության ոլորտի հետ, մեզ համար կարևոր են: Ես գնահատում եմ Ձեր այցը այս համատեքստում և համոզված եմ, որ այն կօգնի մեր հարաբերությունների ամրապնդմանը»,–ասել է նա:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների բազմաշերտ համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել հատկապես տնտեսական և ապակենտրոնացված համագործակցության հնարավորություններին։ Կարևորվել են ենթակառուցվածքներում ներդրումների խթանումը և ենթակառուցվածքների շարունակական զարգացումը։

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ՝ ընդգծելով կայուն և տևական խաղաղության հաստատման կարևորությունը։ Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ երկու երկրների համագործակցությունը պետք է զարգանա փոխշահավետության, փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների հիման վրա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների ընթացիկ փուլին։

Հանդիպման շրջանակում կողմերը անդրադարձ են կատարել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի առանցքային հարցերին, համագործակցությանը Եվրասիական տնտեսական միության շրջանակում, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք խնդիրներ։

 Ուշագրավ
---