Ղուկասյան․ Ես Բալասանյանին չեմ ընդունում, բայց Սև բերդն ինքն է սարքել

Ղուկասյան․ Ես Բալասանյանին չեմ ընդունում, բայց Սև բերդն ինքն է սարքել

PanARMENIAN.Net - Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք պետք է Սև բերդը վերադարձնել համայնքին, քանի որ իշխանությունները հայտարարում էին, որ այն անօրինական կերպով է սեփականաշնորհվել, հայտարարել է, որ պետք է ճիշտն ասել՝ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանն ավերված բերդը սարքել է։

«Ես Բալասանյան Սամվելին չեմ ընդունում, չեմ հարգում, բայց Սև բերդն ինքը սարքել է»,–ասել է Ղուկասյանը, հայտնում է Auroranews.am-ը։

Նա հավելել է, որ Բալասանյանը շենքը գնել է մասնավորից։

«Պետք է ճիշտն ասել, նա ավերված բերդը սարքել է, ուղղակի այնտեղ դիմացի կանաչ տարածքներն է մասնավորեցրել, բայց շենքը նա գնել է մասնավորից, ես դա հստակ գիտեմ։

Ես իրեն չեմ ընդունում, չեմ հարգում, իմ նկատմամբ ինչ արել է, դրա համար չեմ հարգում։ Բայց ինչ ճիշտ է՝ ճիշտ է․ նման կառույց, որ նա կառուցել է, չկա հանրապետությունում, բայց դիմացի կանաչ տարածքների մեջ կառուցած շինությունները ուրիշ բան են»,– հավելել է պաշտոնյան։

Այս հայտարարությանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է Խաչատուր Բալասանյանը՝ նշելով, որ պետք է լինել կույր, չնկատելու համար, թե ինչ հոյակերտ կառույց է ստացել Սամվել Բալասանյանը՝ աղբավայրի վրա։

«Ինչ վերաբերում է Սամվել Բալասանյանին հարգելուն կամ չհարգելուն. հարկ եմ համարում նշել, որ մենք Վարդան Ղուկասյանի հարգանքի կարիքը չունենք: Գյումրիում, Շիրակի մարզում, ինչպես նաև ամբողջ Հայաստանում Սամվել Բալասանյանի վայելած հարգանքի մասին, կարծում եմ, բոլորը գիտեն: Մենք պարզապես չենք էլ բարձրաձայնում հարգում ենք Վարդան Ղուկասյանին թե՝ ոչ, նախընտրում ենք լռել՝ դուրս գալով ներկայիս քաղաքական տրամաբանությունից:

«Սև բերդի» մասին. այո՛, պետք է լինես կույր, որ չնկատես, թե ինչ հոյակերտ կառույց է ստացել Սամվել Բալասանյանը՝ աղբավայրի վրա: Ֆիքսենք մեկ կարևոր հանգամանք. «Սև բերդի» հարող տարածքների հետ կապված Վարդան Ղուկասյանի, «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության և ՀՀ դատախազության տեսակետները կարծես թե համահունչ են: Հույս ունեմ, ավելին՝ ներքին վստահություն ունեմ, որ այդ համընկնումը պատահական է»,–հայտարարել է Խաչատուր Բալասանյանը։

 Ուշագրավ
---