ԱԳՆ․ ՀՀ–ն պատրաստ է ընդունել «3+3» ձևաչափով հանդիպում

ԱԳՆ․ ՀՀ–ն պատրաստ է ընդունել «3+3» ձևաչափով հանդիպում

PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստ է հյուրընկալել «3+3» ձևաչափով հերթական նախարարական հանդիպումը, ինչի մասին ՀՀ իշխանությունները հայտարարել էին դեռևս 2024 թվականին։ Այդ մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մայիսին հայտարարել էր, որ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի hաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի որոշած հերթականությամբ։

«Դեռևս 2024 թ. հոկտեմբերի 18–ին Ստամբուլում կայացած «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի 3–րդ հանդիպման շրջանակում Հայաստանը հայտարարել է նախարարների հաջորդ հանդիպումն ընդունելու պատրաստակամության մասին»,–հայտնելկ են ԱԳՆ–ից։

Նախարարությունից նշել են նաև, որ հանդիպման կոնկրետ ժամկետներն ու անցկացման վայրը կհայտարարվեն հանրությանը, երբ ձևավորվի հստակություն։

Հարավային Կովկասում և Միջին Արևելքում համագործակցության հարցերով խորհրդակցությունների վեցակողմ (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) ձևաչափը 2020 թվականի վերջին առաջարկել էին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանը։ Արդեն կայացել է երեք հանդիպում, որոնց, սակայն, Վրաստանը չի մասնակցել։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ «3+3» հարթակի վերջին նիստը տեղի է ունեցել Ստամբուլում 2024 թվականի հոկտեմբերին։

 Ուշագրավ
---