Նախարար․ Veo 3-ն արդեն հասանելի է Հայաստանում, կան նաև ռիսկեր

Նախարար․ Veo 3-ն արդեն հասանելի է Հայաստանում, կան նաև ռիսկեր

PanARMENIAN.Net - Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրե, է, որ Հայաստանում արդեն հասանելի է Google-ի՝ տեսանյութեր գեներացնող արհեստական բանականության գործիքը՝ Veo 3-ը։

Նա նշել է ինչպես դրա կիրառման լայն շրջանակը, այնպես էլ ռիսկերը։

Նշվում է, որ սա հեղափոխական հնարավորություն է տարբեր ոլորտների մասնագետների համար՝ ստեղծելու բարձրորակ, սյուժետային կամ գեղարվեստական տեսանյութեր ընդամենը տեքստային հրահանգով (prompt)։

«Ինչի համար կարող է օգտակար լինել Veo 3-ը

Veo 3-ը կարող է կիրառվել մի շարք ոլորտներում՝ կինեմատոգրաֆիա և գովազդ – տեսանյութերի ստեղծում առանց նկարահանման թանկարժեք գործընթացի, կրթություն – կրթական բովանդակության վիզուալիզացիա՝ պատմական, տեխնոլոգիական կամ այլ թեմաներով, լրագրություն և մեդիա – վիզուալ պատմություններ, վիզուալ հաղորդագրություններ ստեղծելու նոր ձև, մշակույթ և արվեստ – մշակութային ժառանգության ներկայացում, ժամանակակից արվեստի նոր ձևաչափեր, գիտություն և հետազոտություն – գիտական երևույթների մոդելավորում և վիզուալ բացատրություն, բիզնես և մարքեթինգ – գովազդ, բրենդային պատմություններ։

Բայց նաև կան ռիսկեր, որոնք պետք է հաշվի առնել

Veo 3-ը, լինելով հզոր գործիք, կարող է ստեղծել իրականին չափազանց մոտ պատկերներ և տեսարաններ, ինչը բերում է մի շարք ռիսկեր՝ mեդիամանիպուլյացիայի հնարավորություն – իրականության աղավաղում, սխալ տեղեկատվության տարածում, անձնական տվյալների չարաշահում – իրական մարդկանց տեսքի օգտագործման վտանգ, հոգեբանական ազդեցություն – իրականից ոչնչով չտարբերվող տեսալսողական բովանդակության միջոցով հոգեբանական ներազդում, իրավական և էթիկական հարցեր – հեղինակային իրավունքի խախտում, վիզուալ deepfake բովանդակություն։

Ինչու է կարևոր պատասխանատու օգտագործումը․

Մենք՝ որպես տեխնոլոգիաներ օգտագործող հասարակություն, պետք է ունենանք բավարար գիտելիքներ՝ ինչպես օգտագործել այս գործիքը նորարարական նպատակներով և միևնույն ժամանակ՝ պատասխանատու կերպով։ Մեր համոզմունքն այն է, որ տեխնոլոգիան պետք է ծառայի ոչ թե մոլորեցմանը, այլ՝ հաղորդակցության բարելավմանը, արվեստին և գիտելիքի տարածմանը։ Պետք է պատասխանատու ու մեդիա գրագետ լինենք, գիտակցենք, որ առաջին հայացքից վստահելի թվացող տեսանյութը կարող է լինել արհեստածին։ Ուստի, պետք չէ կամայական տեսած տեսանյութն ակնթարթորեն տարածել սոցցանցերում՝ առանց ստուգելու այն»,–ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---