Քոչարյան․ ՀՀ–ն ՆԱՏՕ-ի ԽՎ ասոցացված անդամ է, բայց 2024–ից մեր լիազորությունները մի քիչ ավելացել են![]() 22 սեպտեմբերի 2025 - 16:22 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ ԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը, խոսելով Երևանում ընթացող «Ռոուզ-Ռոթ» սեմինարի մասին, նշել է, որ ՀՀ–ն ՆԱՏՕ-ի ԽՎ ասոցացված անդամ է, բայց 2024–ից մեր լիազորությունները մի քիչ ավելացել են: «Այսինքն՝ մենք մասնակցում ենք տեղեկացված լինելու աշխատանքներին, նաև, ըստ անհրաժեշտության, հնարավորության դեպքում հարցեր ուղղելու և մեզ հուզող հարցերի պատասխանները ստանալու»,–ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։ Նա հավելել է, որ «ասոցացված անդամների իրավասությունը հիմա մեծացրած է»: «Գումարած սրան՝ վերջին անգամ Ռոուզ-Ռոթ սեմինարը Հայաստանում անցկացվել է 10 տարի առաջ: ԱՄՆ-ում՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ընթացքում, երբ այդ առաջարկն արվեց մեր պատվիրակությանը, մենք սիրով ընդունեցինք՝ գնահատելով, որ այս հարթակը, այնուամենայնիվ, կարող է մեզ շատ օգտակար լինել տարածաշրջանային խաղաղության և մեր նպատակներին հասնելու համար»,- ասել է Քոչարյանը։ Նա նաև առանձնացրել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների ելույթները, որոնցում շեշտը դրվել է համաշխարհային մակարդակով խաղաղության հաստատման կարևորության վրա։ «Իսկ Կովկասում խաղաղությունն առաջնահերթ մենք ենք: Պետք է կառուցենք խաղաղության մեր պատկերացումները կոնկրետ փաստաթղթերի շրջանակում, որն արդեն սկսված է Վաշինգտոնում»,–ասել է նա։ Անդրադառնալով սեմինարի անցկացման նախաձեռնությանը՝ Քոչարյանը պարզաբանել է, որ հայկական կողմը նպատակ է ունեցել Կովկասյան օրակարգը բերել Հայաստան և քննարկել ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների ներկայացուցիչների հետ։ Երևանում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի աշխատանքներին մասնակցում են նաև պատվիրակներ Թուրքիայից և Ադրբեջանից։ Վերջին անգամ սեմինարը ՀՀ–ում էր անցել 2015–ին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |