Կոպիրկին․ Բաքուն և Երևանը պատրաստ են «3+3»-ի նիստ անցկացնել, միայն պետք է որոշել հերթականությունը![]() 10 հոկտեմբերի 2025 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Հայ-ռուսական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանը կողմ է, որպեսզի մինչև տարեվերջ անցկացվի «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի չորրորդ նախարարական հանդիպումը։ «Մենք Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումների մեջ ենք, որովհետև հերթականության հարց կա։ Այսինքն՝ և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը պատրաստ են նման նիստ անցկացնել իրենց երկրներում, միայն պետք է համաձայնեցնել հերթականության կարգը։ Մենք, բնականաբար, ամեն կերպ օժանդակում ենք դրան», - ասել է դիվանագետը, հայտնում է Sputnik Արմենիան։ Կոպիրկինը նշել է, որ հարթակի բոլոր մասնակիցները՝ այդ թվում Թուրքիան և Իրանը, ձևաչափն արդյունավետ ու պահանջված են համարում։ Նրա խոսքով՝ նման ձևաչափը հնարավորություն է տալիս, որպեսզի հենց տարածաշրջանի երկրները լինեն խնդրի լուծման հիմնական դերակատարները։ «Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է։ Իհարկե, երրորդ երկրների մասնակցությունը կարող է արժեքավոր լինել, բայց այն պետք է կառուցվի ըստ իրողությունների և տարածաշրջանային երկրների շահերի», - ասել է դիվանագետը։ Դեսպանը հավելել է, որ թե՛ հայ-ադրբեջանական կարգավորման, թե՛ հայ-ամերիկյան երկխոսության շրջանակում շոշափվող բազմաթիվ հարցեր առնչվում են նաև այլ հարևան երկրների շահերին։ Այդ պատճառով, ըստ Կոպիրկինի, «3+3» ձևաչափը վերածվում է բնական և օգտակար հարթակի՝ բազմակողմանի երկխոսության համար։ Նա ընդգծել է, որ հարթակը գործնականում ակտիվ է՝ մինչ օրս արդեն կայացել է երեք նախարարական հանդիպում։ Ինչ վերաբերում է Վրաստանի մասնակցությանը, Կոպիրկինը նշել է, որ Թբիլիսին սկզբնական շրջանում ցուցաբերել է հետաքրքրություն և նույնիսկ մասնակցել է ձևաչափի միջոցառումներից մեկին, սակայն հետագայում դուրս է մնացել գործընթացից։ Նա նշել է, որ հարթակի բոլոր մասնակիցները համաձայն են, որ Վրաստանի համար դռները շարունակում են բաց մնալ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հերթական հանդիպումները նախատեսվում է անցկացնել Երևանում և Բաքվում՝ ըստ կողմերի միջև որոշվելիք հերթականության։ «3+3» ձևաչափի նախորդ նիստը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերին Ստամբուլում՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |