ԱՆ–ն կառաջարկի քրեական գործերով վարույթի վերջնաժամկետ սահմանել![]() 29 հոկտեմբերի 2025 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ նախարարությունը ծրագրում է քրեական գործերով վարույթների համար վերջնաժամկետ սահմանել։ Նա այդ մասին ասել է ԱԺ հանձնաժողովների մակարդակով 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման շրջանակում՝ արձագանքելով պատգամավորների հարցերին։ Ըստ նրա՝ դրանով կսահմանափակվի նաև կալանավորների կալանքի ժամկետը, գրում է Sputnik Արմենիան։ «Գնալու ենք յուրաքանչյուր կոնկրետ դատավարության համար կոնկրետ դատավարական ժամկետ սահմանելու ճանապարհով. քրեական գործերով դա լինելու է 1 տարին, որը կարող է երկարացվել ոչ ավելի, քան 3 անգամ՝ կրկին 1 տարով, բայց պատճառաբանված որոշմամբ: Այսինքն՝ կանոնը լինելու է 1 տարին, դրանից շեղում հնարավոր է լինելու, և մենք մեր մտքում ունենք, որ շեղման թույլտվությունն առաջիկա տարիների համար ենք տալու, քանի որ ունենք օբյեկտիվ ծանրաբեռնվածություն»,– նշել է Գալյանը։ Նախարարը նաև տեղեկացրել է, որ ներկայում մոտ 1700 կալանավորից 10–15-ը կալանքի տակ են գտնվում ավելի քան 5 տարի, իսկ շատերը՝ ավելի քան մեկ տարի, ինչը դիտարկվում է որպես բացասական երևույթ։ Նրա խոսքով՝ նման երկարատև կալանքները պետք է բացառվեն։ Նախարարը մատնանշել է նաև մեկ այլ հիմնարար խնդիր. քրեական գործերի քննության ձգձգումները կապված են այն հանգամանքի հետ, որ գործերը նոր դատավորին փոխանցելու դեպքում քննությունը սկսվում է զրոյից։ «Մենք ունենք նախաձեռնություն, ըստ որի՝ դատավորի փոփոխության դեպքում, եթե կողմերը չեն առարկում, գործի քննությունը չպետք է սկսվի զրոյական կետից, այլ պետք է շարունակվի այն կետից, որում ավարտվել է, այսինքն՝ առաջին դատավորը որ կետում թողել գնացել է»,– պարզաբանել է Գալյանը։ Նախարարությունը կրկին անդրադարձել է դատարանների ծանրաբեռնվածության խնդրին՝ վերլուծության արդյունքում եզրակացնելով, որ անհրաժեշտ է ընդունել մոտ 30 նոր դատավոր տարբեր ատյանների համար։ Այդ թվում նախատեսվում է բարձրացնել նաև դատավորների օգնականների աշխատավարձերը, որոնք ներկայում աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ։ Գալյանը նշել է, որ այս քայլերը պայմանավորված կլինեն բյուջետային հնարավորություններով։ Վերոնշյալ փոփոխությունները նախատեսվում է իրականացնել քրեական դատավարության օրենսգրքում սպասվող փոփոխությունների միջոցով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |