Վարդան Ղուկասյանի գործը ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան![]() 9 դեկտեմբերի 2025 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին վերաբերող քրեական գործը փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան։ Այդ մասին տարածած հայտարարության մեջ տեղեկացրել է նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ Նա ընդգծել է, որ ընթացիկ քրեական վարույթով մինչ այժմ դատարանների կողմից կիրառված մի շարք սահմանափակումներ հակասում են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիային։ «Տեղեկացնում եմ, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ` 20.10.2025 թվականին քաղաքական դրդապատճառներով նախաձեռնված քրեական վարույթով գործը ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան: Հիշեցնեմ, որ պարոն Վարդան Ղուկասյանի նկատմամբ վերոնշյալ վարույթով առ այսօր ՀՀ դատարանները կիրառել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիային հակասող սահմանափակումներ.
Փոստանջյանը պնդել է, որ նշված խախտումները հնարավոր են դարձել որոշ դատավորների՝ մասնավորապես Ժորա Չիչոյանի և Վարդգես Սարգսյանի, կայացրած որոշումների արդյունքում։ Նա հայտնել է, որ այժմ գործը փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարանի 30-ամյա դատավոր Լևոն Պետրոսյանին, ով դատավոր է նշանակվել ընդամենը երկու ամիս առաջ։ «Այժմ հերթը հասել է 30-ամյա և դեռ երկու ամիսը չլրացած` դատավոր դարձած Լեւոն Պետրոսյանին: Դատավոր Լևոն Պետրոսյանը ստանձնել է քննել պարոն Վարդան Ղուկասյանի նկատմամբ պատվիրված շինծու վարույթը և նշանակել է նախնական լսումների առաջին դատական նիստը` 17.12.2025 թվականին, ժամը 14:00-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (հասցե` ՀՀ, Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9): Յուրաքանչյուր մարդ իր կյանքում որոշակի փորձություններ է անցնում։ Պատմության յուրաքանչյուր փուլում եղել են մարդիկ, ովքեր չեն հաղթահարել այդ փորձությունները, մինչդեռ մյուսները հաջողությամբ են անցել դրանք։ Կարծում եմ՝ այս բոլոր փորձությունների նպատակն է ցույց տալ և պահպանել Աստծո, Արդարության, Մարդկության հանդեպ սերը։ Համոզված եմ Ժորա Չիչոյանը և Վարդգես Սարգսյանը չեն սիրում Աստծուն, արդարությունը և մարդկությունը: Հավանաբար նրանք դատական ակտ կայացնելիս առաջնորդվել են հետևյալ համոզմունքով` չկա Աստված, իսկ եթե չկա Աստված, ուրեմն ամեն ինչ թույլատրելի է, իսկ Արդարությունը և Մարդկությունը նրանց համար արժեք չեն: 17.12.2025 թվականը կյանքի փորձության օր է` Լևոն Պետրոսյանի համար: Լևոն Պետրոսյանը պետք է ընդունի որոշում, որով հայտնի կդառնա նրա համար Աստծո գոյությունը և նրա հավատամքը արդարության և մարդկության նկատմամբ»,-ասվում է հայտարարության մեջ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |