Կարապետյանին տեղափոխել են ՔԿՀ, հետո՝ կրկին տնային կալանք տվել![]() 17 հունվարի 2026 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 16-ին հայտնի դարձավ, որ Վերաքննիչ դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության բողոքը հայտնի գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքի որոշման դեմ ու կալանավորման որոշում կայացրել։ Նույն օրը երեկոյան Կարապետյանն արդեն կալանավայրում էր, հայտնում է «Ազատությունը»: Իսկ դատարանը քննում էր դատախազության ներկայացրած միջնորդությունը Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ: «Տաշիր գրուպի» սեփականատերը տնային կալանքի տակ մնաց 17 օր: Տարեվերջին նրա փաստաբանները միջնորդել էին դատարանին ազատ արձակել նրան կալանքից: Դեկտեմբերի 30-ին դատավորը կիրառել էր տնային կալանք և 4 միլիարդ դրամ գրավ: Դատախազությունը պահանջել էր չեղարկել փաստաբանների միջնորդության հիման վրա բացված վարույթը, որի արդյունքում սահմանվել էր տնային կալանք, ինչպես նաև՝ վերադարձնել վճարված 4 միլիարդ դրամը: Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բավարարել է դատախազության այս երկու պահանջները: Դատարանը քննում էր դատախազության կողմից հունվարի 16-ին ներկայացված նոր միջնորդությունը, որն առնչվում է Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետի երկարաձգման խնդրին: Հունվարի 17-ի առավոտյան հայտնի դարձավ, որ 14 ժամ տևած դատական նիստից հետո Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվել է, կիրառվել է տնային կալանք: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Արամ Վարդևանյանը: «14 ժամ դատական նիստ` փաստաբանական թիմով: Քաղաքական հետապնդման աբսուրդային ինտենսիվություն: Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք: Սա հերթական ինտենսիվ խափանման միջոցն է: Ի դեպ Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվեց: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- նշել է Վարդևանյանը։ «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հունվարի 16-ի ֆեյսբուքյան գրառման մեջ հայտնել էր, որ «վաղը Սամվել Կարապետյանը տանը կլինի»: «Պայքար, որի նպատակը խաղաղ ու ուժեղ հայրենիք ունենալն է։ Սամվել Կարապետյանը վաղը տանը կլինի»,-գրել է նա: Հայտնի բարերար, գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ 2025 հունիսի 18-ից կիրառված բանտային կալանքը դեկտեմբերի 30-ին փոխարինվել էր տնային կալանքով և լրացուցիչ սահմանափակումներով: Դատախազությունն այս տարվա առաջին աշխատանքային օրը` հունվարի 5-ին մուտքագրել էր վերաքննիչ բողոք Սամվել Կարապետյանի կալանքի պահանջով։ Վերաքննիչ դատարանը հունվարի 12-ին վարույթ ընդունելով դատախազի և պաշտպանների բողոքները որոշման հրապարակման օր է սահմանվել հունվարի 16-ը: Կարապետյանը դարձել է մեղադրյալ այն բանից հետո, երբ հայտարարել է Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանությանը միտված նախաձեռնության մասին՝ ասելով, որ կձևակերպի դա «իր ձևով»: Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը մոտ երկու ամիս առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «մեղադրանքը հիմնավոր է»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |