Փաշինյան․ Ուզում են կաթողիկոսությունը և Էջմիածնի գանձերը ՀՀ-ից դուրս հանեն՝ թույլ չեմ տա![]() 14 փետրվարի 2026 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Ավստրիայում Հայ եկեղեցու Եպիսկոպոսաց ժողով կազմակերպելու նպատակը կաթողիկոսությունն ու Էջմիածնի գանձերը Հայաստանից դուրս տանելն է, հայտնում է Արմենպրեսը: «Գնալով ավելի ու ավելի է լրջանում այն տեղեկությունը, որ, իրականում, Հայաստանից դուրս եպիսկոպոսաց ժողով հրավիրելու և այս պրոցեսների խորքային նախաձեռնությունը Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու կաթողիկոսությունը և Էջմիածնի գանձերը Հայաստանից դուրս հանելն է և որոշ ուժերի ձեռքում մարիոնետային կաթողիկոսության հանգամանքն ուժեղացնելն է և, որպես Հայաստանի դեմ գործիք օգտագործելը։ Ես դա թույլ չեմ տալու։ Հայաստանը չի պատրաստվում դիտորդի նման հետևել, հակազդեցություն է լինելու շատ կոշտ, բարերարների դիմակի տակ թաքնված` Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքներն ուղղելու ենք բոլորովին ուրիշ կողմ։ Եթե դրա համար պետք լինի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ»,- ասել է վարչապետը։ Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնից եպիսկոպոսներին հրավեր է ուղարկվել՝ մասնակցելու 2026թ․ փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում կայանալիք ՀԱԵ Եպիսկոպոսաց ժողովին։ Չնայած այն հանգամանքին, որ ԲՀԽ անդամներից մի քանիսի դեմ երկրից բացակայելու արգելք կա, կաթողիկոսը հայտարարել է, որ ժողովը կայանալու է: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վերոնշյալ եպիսկոպոսները կմասնակցեն հեռավար եղանակով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025թ․ հունիսի 10-ին առաջարկել է ձևավորել համակարգող խորհուրդ, որը գործուն քայլեր է ձեռնարկելու կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու նպատակով։ Ավելի վաղ վարչապետը Ն.Ս.Օ.Օ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին և մի շարք բարձրաստիճան հոգևորականների մեղադրել է կուսակրոնության ուխտը խախտելու մեջ՝ հայտարարելով, որ եթե պարզվի՝ Գարեգին Բ-ն իսկապես խախտել է իր ուխտն ու զավակ է ունեցել, ապա չի կարող մնալ Ամենայն Հայոց կաթողիկոսի պաշտոնում։ Իր հերթին, եկեղեցականները վարչապետին մեղադրել են հակաեկեղեցական արշավ սկսելու համար։ 2026 թվականի հունվարի 4-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և 10 եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ հայտարարություն են տարածել Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման վերաբերյալ։ Փաշինյանը հայտնել է, որ հայտարարությանը միացած անձինք ձևավորել են համակարգող խորհուրդ, որին վերապահել են եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթները։ Խորհրդի կազմն կարող է ընդլայնվել նրա միաձայն որոշմամբ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |