Գալյան․ Նոր Սահմանադրության տեքստում ներածությունը դեռ չկա, իսկ Անկախության հռչակագրին հղումը ներածության մեջ էր![]() 18 մարտի 2026 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Նոր Սահմանադրության տեքստում ներածությունը չկա, իսկ Անկախության հռչակագրին հղումը ներածության մեջ էր, հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: Նա այդպես է պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Նոր Սահմանադրության տեքստում Անկախության հռչակագրի մասին հղում լինելու է, թե ոչ, հայտնում է Sputnik Արմենիան: «Դեռ չենք ամբողջացրել․․․ Իսկ ինչո՞ւ է պարտադիր աշխատանքային քննարկումներում ունենալ ամբողջական տեքստ։ Թող տպավորություն չստեղծվի, թե խուսափում ենք ներկայացնել՝ ինչ է այս պահին ամփոփված ներածության շրջանակներում։ Սահմանադրության տեքստը նախագծի տեսքով լինելու է հրապարակային, այդ թվում՝ հրապարակային է լինելու ներածությունը»,- ասել է Գալյանը։ Նա նշել է, որ այս պահին քննարկումները շարունակվում են ՔՊ վարչությունում և խմբակցությունում։ Ըստ նրա՝ Սահմանադրության նախագծի տեքստը հնարավոր է հրապարակվի մինչև ընտրությունները, հայտնում է Radar Armenia-ն: «Մենք հրապարակելու ենք տեքստը, և այդ ժամանակ ակնհայտ կլինի՝ ինչ դրույթներ են շարունակելու մնալ և ինչ դրույթներ այլևս չեն լինի: Մենք ինտենսիվ ենք աշխատում, որ հրապարակումը լինի օր առաջ։ Ես կարծում եմ՝ Սահմանադրության տեքստը կհրապարակվի մինչև ընտրություններ»,- նշել է նախարարը։ Խոսելով Անկախության հռչակագրի մասին՝ Սրբուհի Գալյանը ընդգծել է, որ այն պատմական փաստաթուղթ է։ «Այն ոչ թե անցյալին, այլ ապագային միտված փաստաթուղթ է։ Չնայած պատմական փաստաթուղթ է և իրավական վեճ կա դրա նորմատիվային լինելու հետ կապված, այն պարունակում է մի շարք հիմնարար սկզբունքներ, որոնք դրված են Սահմանադրության հիմքում։ Եվ այդ սկզբունքներով առաջնորդվելով՝ Սահմանադրությունը պետք է նայի դեպի ապագա և շեշտադրի պետության շարունակականությունը՝ խաղաղ, անվտանգ պետություն ապագա սերունդներին տալու առաքելություն։ Այս հիմնական գաղափարներն է շեշտադրելու Սահմանադրությունը»,-ասել է նա: Գալյանը նաև նշել է, որ ներկայացվող տեքստը վերջնական տարբերակ չի լինելու, այլ նախագիծ, որը կարող է փոփոխվել քաղաքացիներից և ոլորտի մասնագետներից ստացվող առաջարկների հիման վրա։ Գալյանը ընդգծել է, որ Սահմանադրությունն ընդունելու կամ չընդունելու վերջնական որոշումը կայացնելու է ժողովուրդը։ 2025 թվականի մարտի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները նախատեսել են 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Միաժամանակ նա նշել է, որ իր թիմում քննարկվել է նաև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին զուգահեռ հանրաքվե անցկացնելու հնարավորությունը։ Ավել․ի ուշ նա հայտարարել է, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին։ Ադրբեջանը պնդում է, որ ՀՀ-ն փոփոխություններ կատարի Սահմանադրությունում՝ պատճառաբանելով, թե այնտեղ առկա են Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու կոչեր։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |