Դանիելյան․ Արցախցիների բռնագաղթը ներիշխանական հարթությամբ հետևողականորեն հրամցվում է իբրև «փախուստ»![]() 23 մարտի 2026 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Արցախցիների բռնագաղթը ներիշխանական հարթությամբ հետևողականորեն հրամցվում է իբրև «փախուստ», հայտարարել է իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը ֆեյբուքյան իր էջում՝ անդրադառնալով մետրոյում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի կնոջ միջև միջադեպին: «Շուրջ մեկ տարի անօրինակ շրջափակման արդյունքում հյուծված, այնուհետև լայնածավալ պատերազմի զոհ դարձած արցախցիների բռնագաղթը, ցավոք, ներիշխանական հարթությամբ ի սկզբանե հետևողականորեն անտեսվում և հրամցվում է իբրև իրենց մշտական բնակության վայրն ինքնակամ թողնել՝ «փախուստ»: Անտեսվում է անգամ այն անհերքելի փաստը, որ այդ անհավասար պատերազմում զոհվել են ոչ միայն դիմադրություն ցուցաբերած զինուժի 129 զինվոր, այլև խաղաղ բնակիչներ՝ կանայք, երեխաներ և ծերեր (տվյալները անուններով և զորամասերով հրապարակված են կայքերում): Ադրբեջանական կողմը, ըստ իրենց պաշտոնական հայտարարության՝ ունեցել է ավելի մեծ կորուստներ՝ 192 զոհ: Ինչ խոսք, «փախչելու» և դրան արհեստականորեն սոսնձված «Արցախի հարցը փակված համարելու» թեզերի հիմքում դրված ենթաթեզերն աչքի են ընկնում ներքին տրամաբանության իսպառ բացակայությամբ, սակայն դրանց անդրադառնալը դեռևս իմաստազուրկ է, ուղղակի դրանք խիստ արժեքավոր նյութ են հետագա զարգացումների համատեքստում: Ընդգծենք միայն, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու արգելքը խորը հակասության մեջ է ՄԱԿ-ի կանոնադրության և դրան համապատասխան պետության էությունը ամրագրող միջազգային պայմանագրերի հետ ...»,- գրել է Դանիելյանը։ Մարտի 22-ի առավոտյան մետրոյում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկացել է ՀՀ քարտեզի տեսքով կրծքանշան նվիրել մանկահասակ որդու հետ երթևեկով կնոջը, սակայն կինը հրաժարվել է՝ ասելով․ «Մենք ուրիշ քարտեզ ունենք»: Փաշինյանը խոսակցության ընթացքում ասել է․ «Որևէ մեկդ այս քարտեզի մասին քամահրանքով չխոսեք, մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»։ Ավելի ուշ Փաշինյանը կառավարություն է հրավիրել Արմինե Մոսիյանին՝ ուղիղ եթերում ներողություն խնդրելու: Մոսիյանը 1993թ-ին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դուստրն է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |