Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով

Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը  փոխվել է տնային կալանքով

PanARMENIAN.Net - Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի, հայտնում է Factor.am-ը:

Նրա նկատմամբ կայացված որոշումը կբողոքարկվի։ Այդ մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից:

Սպարտակ Ղուկասյանը ներգրավված է մի քանի քրեական վարույթներում։

Մասնավորապես, նախորդ տարվա սեպտեմբերին Քննչական կոմիտեն հաղորդել է, որ նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։ Այդ անձը եղել է Սպարտակ Ղուկասյանը, և նրա նկատմամբ սկզբում ընտրվել է տնային կալանքը, որը հետագայում փոխվել է։

Այնուհետև՝ նոյեմբերին, Հակակոռուպցիոն դատարանում նրա հոր՝ Վարդան Ղուկասյանի գործով նիստից հետո դահլիճում հայհոյելու դեպքից հետո, Սպարտակ Ղուկասյանին առաջադրվել է նոր մեղադրանք՝ հաղորդակցման կամ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ խուլիգանություն կատարելու հոդվածով։ Այս մեղադրանքի հիման վրա նրա նկատմամբ կիրառվել է կալանքը։

Ավելի ուշ՝ փետրվարին, նրան առաջադրվել է ևս մեկ նոր մեղադրանք, ըստ որի՝ նա խմբի կազմում կազմակերպել և ղեկավարել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը խոչընդոտելու նպատակով վերջինիս գույքի վնասում և ոչնչացում, ինչպես նաև նույն նպատակով բռնության գործադրում պաշտոնատար անձի նկատմամբ։

Բացի այդ, ըստ մեղադրանքի, նա կազմակերպել և ղեկավարել է հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք ուղեկցվել են բռնությամբ, գույքի վնասմամբ և ոչնչացմամբ։

 Ուշագրավ
---