Ռուբինյանը՝ Թուրքիայի հետ սահմանի մասին․ Սպասում ենք պայմանավորվածության իրագործմանը![]() 14 ապրիլի 2026 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում արդեն իրականացվել են մի շարք քայլեր, իսկ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման հարցում սպասում ենք պայմանավորվածության իրագործմանը, հայտարարել է ԱԺ փոխնախագահ, Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ Նա նշել է, որ սկզբնական փուլում վերագործարկվել են Երևանի և Ստամբուլի միջև թռիչքները, որոնք մի քանի տարի դադարեցված էին եղել։ Բացի այդ, ձեռք է բերվել պայմանավորվածություն ուղիղ ավիափոխադրումներ ապահովելու, ինչպես նաև Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ, որը ներկայում գտնվում է փաստաթղթային գործընթացի փուլում, հայտնում է 1lurer.am-ը: «Ամենամեծ պայմանավորվածությունը սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելն է, ինչի վերաբերյալ մենք մեր կողմից անելիքն արել ենք, նկատի ունեմ անցակետի վերականգնումը: Լավ լուրն այն է, որ թուրքական կողմից այս տարի վերջապես սկսեցին աշխատանքներ անցակետի վերականգնման ուղղությամբ, և մենք սպասում ենք պայմանավորվածության իրագործմանը, և այս առումով գնդակը մեր դաշտում չէ»,- ասել է նա։ Անդրադառնալով գործընթացի հնարավոր դանդաղմանը՝ Ռուբինյանը պատասխանել է. «Խաղաղությունը հաստատված է, բայց գործընթացները պետք է գնան իրենց հունով: Մեր կողմից որևէ խնդիր չկա, ոչ էլ նախապայման կա: Պայմանավորվածությունը կա, պետք է իրագործվի»։ Դիտարկմանը, թե հնարավոր է՝ թուրքական կողմը սպասում է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, նա արձագանքել է. «Համենայն դեպս, դա տրամաբանական չէր լինի»։ Ռուբինյանը նաև նշել է, որ չի պատրաստվում մեկնել Անթալիայի դիվանագիտական ֆորումին, սակայն հայկական կողմից այնտեղ նախատեսվում է մասնակցություն։ Այս տարի ֆորումին մասնակցելու է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, հայտնում է «Ազատությունը»: ՀՀ ԱԳՆ-ն դեռևս չի հրապարակել պաշտոնական հաղորդագրություն։ Ֆորումը անցկացվելու է ապրիլի 17-19-ը։ Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են։ Նախորդ տարվա Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցել են ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը և Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Այդ շրջանակում Ռուբինյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հետ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |