ՔՊ-ն ԿԸՀ է ներկայացրել ընտրացուցակը․ 283 թեկնածու է ընդգրկված

ՔՊ-ն ԿԸՀ է ներկայացրել ընտրացուցակը․ 283 թեկնածու է ընդգրկված

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանը, Վահագն Ալեքսանյանը և Արուսյակ Ջուլհակյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել կուսակցության ընտրական ցուցակը՝ հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար՝ կից ներկայացնելով նաև օրենքով պահանջվող մյուս փաստաթղթերը։

ՔՊ-ն առաջին քաղաքական ուժն է, որը ներկայացրել է իր ընտրացուցակը ԿԸՀ, հայտնում է Panorama.am-ը:

«Շնորհակալ ենք, որ հանգիստ օր եք բերել»,- ասել է ԿԸՀ նախագահի տեղակալ Արմեն Սմբատյանը՝ դիմելով կուսակցության ներկայացուցիչներին։

Լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ ընտրացուցակում ընդգրկված են 283 թեկնածու, և անհրաժեշտ փաստաթղթերը նախապես ներբեռնվել են էլեկտրոնային համակարգում։

«Վստահ եմ, որ խնդիրը կլուծենք, վերջին մեր շփումները հանրության հետ ցույց են տալիս, որ մենք ունենք նման հնարավորություն»,- նշել է Արայիկ Հարությունյանը։

ԿԸՀ հաստատված ժամանակացույցի համաձայն՝ կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը իրականացվում է ապրիլի 23-ից մինչև մայիսի 3-ը՝ ժամը 18։00-ն։

Նախընտրական քարոզչությունը նախատեսվում է սկսել մայիսի 8-ից և շարունակել մինչև հունիսի 5-ը՝ ժամը 24:00-ը։

 Ուշագրավ
---