Ծառուկյանի փեսայից և ընտանիքից կբռնագանձվի մոտ 1.3 մլրդ դրամ, բաժնետոմսեր և անշարժ գույք![]() 17 ապրիլի 2026 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Կոտայքի Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից (ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է՝ խմբ․) և նրա կնոջից՝ Ռոզա Գագիկի Ծառուկյանից կբռնագանձվի մոտ 1.3 մլրդ դրամ, բաժնետոմսեր և անշարժ գույք: Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է գլխավոր դատախազի տեղակալի ներկայացրած բողոքը՝ իրավական ուժ տալով Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանի կայացրած ակտին: Ավելի վաղ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը հայց էր ներկայացրել ընդդեմ Կարապետ Գուլոյանի և նրա հետ փոխկապակցված անձանց։ Հակակոռուպցիոն դատարանը 2024-ի հուլիսի 1-ին կայացված վճռով Դատախազության կողմից ներկայացված հայցը՝ ընդդեմ Գուլոյանի, Ռոզա Ծառուկյանի, երրորդ անձինք «Աբովյան սիթի» և «Բելգլաս» ՍՊԸ-ների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին, բավարարել էր մասնակի։ Այսպիսով, օրինական ուժի մեջ մտած դատավճռով հօգուտ ՀՀ-ի Կարապետ Գուլոյանից և Ռոզա Ծառուկյանից՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքեր, կբռնագանձվի՝ – Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված մասը՝ անշարժ գույքի մոտ 90%-ը, – Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուր փողոցի 29/2 հողամասն՝ ամբողջությամբ, – «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2000 բաժնետոմս, – 2021 թվականին «Բելգլաս» ՍՊԸ-ին տրամադրված 294,900 դոլար փոխառության չվերադարձված մասի՝ 264,000 դոլարի պահանջի իրավունքը: Վերոնշյալից բացի, Կարապետ Գուլոյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի նաև՝ – 934,000 դրամ՝ որպես «ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺ» ԲԲ ընկերության` 2019-ին ձեռք բերված 267 բաժնետոմսի արժեք, – 1,227,490,966 դրամ՝ որպես Կարապետ Գուլոյանի օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախս, որն ունի ապօրինի ծագում, 2007-2022 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել, – 58,120,147 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |