
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը, խոսել է տարածաշրջանացման քաղաքականության մասին և կարևորել «3+3» ձևաչափի հետագա զարգացումը: Նա նշել է, որ Հայաստանը նպաստելու է դրա խորացմանը։
Նա հավելել է, որ ձևաչափում ՌԴ ներգրավվածությունն այն կարևոր է դարձնում նաև ՀՀ–ՌԴ հարաբերությունների կառուցողական տրանսֆորմացիայի համար ևս։
Փաշինյանը նշել է, որ տարածաշրջայնացումը, որի առանցքային նպատակը սեփական միջավայրում առանց արտաքին աջակցության ապրելը ՀՀ համար ոչ միայն հնարավոր, այլև հարմարավետ դարձնելն է՝ կարևորելով հարաբերությունների հետագա զարգացումը Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ, հայտնում է Արմենպրեսը:
Այս համատեքստում տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների լիարժեք ապաշրջափակումը, այդ թվում և՛ TRIPP նախագծի կյանքի կոչումը, և Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը, ոչ միայն է՛լ ավելի կամրապնդեն տարածաշրջանում խաղաղությունը և համագործակցությունը, այլև այն կվերածեն արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ փոխկապակցվածության կարևոր հանգույցի՝ Խաղաղության խաչմերուկի:
«ՀՀ-ն որդեգրել է նաև Տարածաշրջայնացում–2 հայեցակարգը՝ նկատի ունենալով Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրները և Հնդկաստանը։ Նախորդող շրջանում մյուս երկրների հետ հարաբերությունների զարգացմանը զուգահեռ էական եղավ նաև Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Այս ուղղությունը նոր ակտիվություն կստանա 2026-2031 թվականների ընթացքում»,-ասել է նա:
Նա շեշտել է, որ Հայաստանում քաղաքական ընդդիմության որոշ ներկայացուցիչներ շատ հաճախ իշխող ուժին և կոնկրետ իրեն մեղադրում են ադրբեջանամետ և թրքամետ լինելու մեջ։
«Իսկ ի՞նչ է տեղի ունեցել և տեղի ունենում իրականում։ Իրականում տեղի է ունեցել հետևյալը, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում մենք միշտ գործել ենք երրորդ երկրների միջոցով, այսինքն՝ մեր ասելիքները և օրակարգերը 90 և ավելի տոկոսով քննարկել ենք երրորդ երկրների միջոցով։ Եվ ի՞նչ ենք մենք արձանագրել։ Արձանագրել ենք մի շատ պարզ բան, որն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ հիմքեր։ Երբ դու երրորդ անձի միջոցով ես շփվում որևէ մեկի հետ, դու չես կարող երբեք համոզված լինել, որ քո ուղերձները երրորդ անձը հասցեատիրոջը ճիշտ է փոխանցում և, նրա ուղերձները փոխանցելիս, նույնպես ճշգրիտ է գործում, որովհետև երրորդ անձը կարող է ունենալ իր պատկերացումները, իր շահերը, իր ընկալումները, և մենք երբեք չգիտենք, թե որոնք են երրորդ անձի և երրորդ անձանց շահագրգռությունները։
Սա է եղել նաև պատճառը, որ երկար տարիներ մեր տարածաշրջանում խաղաղություն չի հաստատվել։ Եվ մենք փոխել ենք մեր դիրքորոշումը, մենք ասել ենք՝ եթե մենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ խոսելու բան ունենք, իսկ մենք ունենք ակնհայտորեն, ինչո՞ւ չպետք է խոսենք, որովհետև սա է միակ երաշխիքը, որ մենք վստահ կլինենք, որ մեր ուղերձը ճիշտ է հասել տեղ, և վստահ կլինենք, որ ճշգրիտ պատասխան ենք ստանում։
…Եվ ահա մեր այս գործելակերպի փոփոխությունն է, որ ոմանց հիմք է տալիս կամ իրենք դա օգտագործում են մեզ կամ ինձ թրքամետության կամ ադրբեջանամետության մեջ մեղադրելու մեջ, որովհետև մեր գործելակերպը տասնամյակներով եղել է այն, որ Թուրքիային կամ Ադրբեջանին ասելիք ունենք, որտե՞ղ զանգենք, որ մեր ասելիքը տեղ հասցնենք։ Իսկ մենք նախընտրել ենք, նախընտրում ենք և նախընտրելու ենք ուղիղ հաղորդակցությունը՝ իհարկե, չբացառելով երրորդ երկրների ներգրավվածությունը։ Օրակարգեր կան, որտեղ երրորդ երկրների ներգրավվածությունն անհրաժեշտ է, պարտադիր է, որովհետև դա արդեն ընդհանուր օրակարգ է, բայց երկկողմ հարաբերություններում մենք պետք է հաղորդակցությունը պահենք ակտիվ, և այս ընկալման շնորհիվ է նաև, որ մենք այսօր ունենք խաղաղություն»,- մանրամասնել է վարչապետը։
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: