Փաշինյան․ Հպարտ եմ, որ մեր պետությունը թակարդից դուրս եմ բերել, այո՛, զոհերի գնով

Փաշինյան․ Հպարտ եմ, որ մեր պետությունը թակարդից դուրս եմ բերել, այո՛, զոհերի գնով

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան շարժումը «չի ծառայել ՀՀ-ին և հայ ժողովրդին, այլ ծառայել է նրանց, ովքեր ընկալել ու ուզել են, որ հայ ժողովուրդն ու Հայաստանը երբեք զոհի կարգավիճակից դուրս չգան», հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում:

«Հպարտ եմ, որ մեր պետությունն այդ թակարդից դուրս եմ բերել, այո՛, զոհերի ու զոհողությունների գնով»,– ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան:

Փաշինյանն ասել է, որ Ղարաբաղյան շարժումը հասել էր մի կետի, որտեղից ելք չկար՝ հակադարձելով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը։

Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա կապակցությամբ իր հայտարարության մեջ նշել էր, որ ԼՂ հարցով բանակցային բարդ իրավիճակում իր հեռանալն ու այդ փուլում բանակցողի փոփոխությունը, բանակցությունների պատմության զրոյացումը ողբերգական հետևանքներ ունեցան։

«Նախորդ ամբողջ շրջանը՝ 1994 թվականից հետո, եղել է այս կամ այն պատրվակով պատերազմը հետաձգելու մասին, ընդ որում՝ պատերազմի գերակտիվ փուլը հետաձգելու մասին, քանի որ պատերազմը ոչ մի տարի չի հետաձգվել։ Մեր ընկալման մեջ կար «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը, բայց մենք չենք ունեցել դա. մենք ունեցել ենք պատերազմ՝ տարբեր ինտենսիվությամբ։ Այն, որ այլևս պատերազմի պայթյունը հնարավոր չէր հետաձգել, ինքը՝ Սերժ Սարգսյանն է հայտարարել 2018 թվականի ապրիլին ԱԺ ամբիոնից»,– ասել է Փաշինյանը։

Վարչապետը նաև պնդել է, որ նախորդ բանակցային գործընթացների ընթացքում հանրությանը ներկայացվել են ոչ լիարժեք պատկերացումներ։

«Այնտեղ գրված է մի բան՝ մենք մեր ժողովրդին խաբել ենք, լկտի ձևով խաբել ենք»,– ասել է նա։

Խոսելով 44-օրյա պատերազմի մասին՝ Փաշինյանը նշել է, որ հանրությունն արդեն տեղեկացված է այդ օրերի մասին, և զեկույցում նոր բացահայտումներ, ըստ նրա, դժվար թե լինեն։ Միաժամանակ նա չի բացառել, որ զեկույցը կհրապարակվի՝ ընդգծելով, որ դրա ժամանակը ևս կգա։

 Ուշագրավ
---