Խուզարկություններ են իրականացվել «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներում․ Կան ձերբակալվածներ

Խուզարկություններ են իրականացվել «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներում․ Կան ձերբակալվածներ

PanARMENIAN.Net - Ընտրակաշառք տալու և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ և վարութային այլ գործողություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Լոռու մարզում գործող գրասենյակներում, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:

Խուզարկություն է իրականացվել նաև «Համակցված կերերի» խանութի ներքո քողարկված գրասենյակում։ Կան ձերբակալված անձինք: Կատարվում է նախաքննություն։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՀՀ Լոռու մարզում գործող մի շարք գրասենյակների համակարգողներ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում իրենց օգտին քվեարկելու դիմաց նախապատրաստել են ընտրողներին ընտրակաշառք տալ, ինչպես նաև խոչընդոտել նույն մարզի մի շարք բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հրապարակվել են ձայնագրություններ:

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։

 Ուշագրավ
---