IRI-ի պատվիրակները կդիտարկեն ՀՀ խորհրդարանական ընտրությունները![]() 3 հունիսի 2026 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) դիտորդական պատվիրակությունը հունիսի 3-8-ը գտնվելու է Հայաստանում՝ դիտարկելու հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները։ Այդ մասին տեղեկացվել է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Ազգային ժողովրդավարության հիմնադրամի (NED) նախագահ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Պիտեր Ռոսքամի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-ին ժամանելու է Երևան՝ միանալու IRI-ի երկարաժամկետ դիտորդներին և հանդիպելու շահագրգիռ կողմերի լայն շրջանակի հետ, հայտնում է Արմենպրեսը: Այդ շրջանակում նախատեսված են հանդիպումներ ընտրական մարմինների, իշխանական և ընդդիմադիր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, լրագրողների, դիվանագիտական առաքելությունների, ինչպես նաև ընտրությունների կազմակերպման և անցկացման գործընթացում ներգրավված պետական կառույցների հետ։ Պիտեր Ռոսքամը նշել է, որ Հայաստանի ընտրություններն անցկացվում են երկրի ժողովրդավարական զարգացման համար կարևոր ժամանակահատվածում։ «Ընտրությունների արդյունքը ոչ միայն կձևավորի Հայաստանի մոտեցումը տնտեսական և անվտանգության հարցերի և տարածաշրջանային ու միջազգային գործընկերների հետ հարաբերությունների մասին, այլև կունենա երկարատև հետևանքներ ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության վրա»,-նշել է նա։ Հաղորդագրության համաձայն՝ առաքելությունը ընտրությունների վերաբերյալ իր նախնական գնահատականները կներկայացնի հունիսի 8-ին Երևանում նախատեսված մամուլի ասուլիսի ընթացքում։ Կազմակերպությունը նաև հայտնել է, որ նախնական եզրակացություններն ու առաջարկությունները հիմնվելու են ապրիլին IRI-ի իրականացրած նախընտրական գնահատման արդյունքների վրա, որի նպատակն էր ուսումնասիրել վստահելի ընտրությունների անցկացման պայմանները հունիսի 7-ի քվեարկությունից առաջ։ Նշվել է նաև, որ առաքելության վերջնական զեկույցը, որը կներառի ընտրական գործընթացի որակի անաչառ գնահատական, ինչպես նաև նախընտրական շրջանի և ընտրության օրվա կազմակերպման վերաբերյալ թեմատիկ եզրակացություններ ու առաջարկություններ, կհրապարակվի ընտրություններից հետո առաջիկա շաբաթների ընթացքում։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |