Ընտրական հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 89 քրվարույթ, ձերբակալվել է 128 անձ![]() 3 հունիսի 2026 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Ընտրական հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 89 քրվարույթ, ձերբակալվել է 128 անձ: Այդ մասին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ասել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության ղեկավար Ֆիլիպ Կուրարի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը: Կողմերը քննարկել են Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված ընտրական բնույթի հանցագործությունների քննության հարցում Հակակոռուպցիոն կոմիտեի լիազորությունները, ինչպես նաև ընտրական գործընթացների թափանցիկության և օրինականության ապահովման գործում կառույցի դերակատարությունը։ Խոսելով ընտրական հանցագործությունների դեմ իրականացվող պայքարի և վերջին շրջանում արձանագրված բացահայտումների մասին՝ Կոմիտեի նախագահը նշել է, որ դրանք հիմնականում առնչվում են ընտրակաշառք տալու, ստանալու և բարեգործության արգելքի խախտման դեպքերին։ Նրա խոսքով՝ քրեական հետապնդում է հարուցվել 142 անձի նկատմամբ։ Նրանցից 65-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել են կալանքը կամ տնային կալանքը, իսկ 34 մեղադրյալի վերաբերյալ քրեական վարույթներով նախաքննությունն արդեն ավարտվել է։ Միաժամանակ Կոմիտեի նախագահը շեշտել է, որ ընտրական հանցագործությունների բացահայտումից ոչ պակաս կարևոր է դրանց կանխումն ու նախականխումը, և այդ ուղղությամբ ևս կառույցը շարունակել է համապատասխան աշխատանքները։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |