Փաշինյան․ Կալուգացի Կարապետյանը չի հեռանալու Հայաստանից

Փաշինյան․ Կալուգացի Կարապետյանը չի հեռանալու Հայաստանից

PanARMENIAN.Net - Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարների նախընտրական հեռուստաբանավեճի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գլխավորող Սամվել Կարապետյանը մոտ ապագայում չի կարողանալու հեռանալ Հայաստանից։

«Նա անցնում է փողերի լվացման մեղադրանքով: Պատասխան է տալու մանկապարտեզների, դպրոցների, զորամասերի ավել փող գրելու և գրպանելու համար»,– ասել է Փաշինյանը, հայտնում է Auroranews.am-ը:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հարց է ուղղել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին՝ եթե ընտրություններում «Ուժեղ Հայաստանը» չհաջողի, Սամվել Կարապետյանը կհաստատվի՞ Հայաստանում և կգործի՞ որպես տնտեսական ու քաղաքական գործիչ։

«Մեր պայքարը հաղթանակի համար է։ Սամվել Կարապետյանը ունենալու է հաղթանակ և տեղափոխվելու է Հայաստան, հետագա տարիները նա օգտագործելու է, որ մեր երկրին ապահովի բարեկեցություն, ապահովի ելք՝ այս աղքատության ճիրաններից և ազատություն այն մարդկանց, ովքեր ուզում են իրենց կարծիքն արտահայտել։ Դա է մեր ծրագիրը, այն ճանապարհը, որով գնալու ենք»,- պատասխանել է Կարապետյանը, հայտնում է Aysor.am-ը:

Դիմելով Սարգսյանին՝ Նարեկ Կարապետյանը հավելել. «Մի քանի օրից այդ հաղթանակը Դուք էլ կտեսնեք, Դուք էլ կտեսնեք, թե ինչպես է Սամվել Կարապետյանն իր ծրագրերն իրականացնում»։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։

 Ուշագրավ
---