ԿԸՀ նախագահ. Պայքարը թեժ է, սակայն արձանագրված խնդիրները հիմնականում տեխնիկական բնույթի են

ԿԸՀ նախագահ. Պայքարը թեժ է, սակայն արձանագրված խնդիրները հիմնականում տեխնիկական բնույթի են

PanARMENIAN.Net - Նախընտրական պայքարը թեժ է, սակայն արձանագրված խնդիրները հիմնականում տեխնիկական բնույթի են, հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:

Նա նշել է, որ ԿԸՀ-ի գործունեությունը նախընտրական քարոզչության փուլում կենտրոնացած է եղել երկու հիմնական ուղղության վրա՝ ընտրությունների կազմակերպչական աշխատանքների իրականացում և քարոզարշավի ընթացքում ի հայտ եկող խնդիրներին ու թերություններին արձագանքում, հայտնում է Արմենպրեսը:

«Քարոզարշավին մասնակցում է 18 քաղաքական ուժ։ Բոլորն ակտիվորեն օգտագործում են քարոզչական գործիքները, խոսույթը բավականին սուր է, պայքարը՝ թեժ, սակայն այս պայմաններում արձանագրված խնդիրները հիմնականում տեխնիկական բնույթի են»,- ասել է ԿԸՀ նախագահը։

Նրա խոսքով՝ առավել հաճախ արձանագրվող խախտումները կապված են եղել քարոզչական պաստառների՝ դրա համար չնախատեսված վայրերում փակցվելու հետ։ Հովակիմյանը նշել է, որ նախորդ ընտրական գործընթացների համեմատ նման դեպքերի թիվը նվազել է, սակայն դրանք դեռևս շարունակել են արձանագրվել։

Անդրադառնալով վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ քննարկումներին՝ ԿԸՀ նախագահը պարզաբանել է, որ Ընտրական օրենսգրքով վարչական ռեսուրսի չարաշահում է համարվում այն իրավիճակը, երբ պետական կամ համայնքային պաշտոն զբաղեցնող անձը քարոզչական նպատակներով օգտագործում է իր պաշտոնեական հնարավորությունները կամ ազդեցություն է գործադրում ենթակաների վրա՝ նրանց ներգրավելով քաղաքական միջոցառումներում։

«Եթե պետական կամ համայնքային ծառայողը սեփական նախաձեռնությամբ աշխատանքային ժամին մասնակցում է քարոզչական միջոցառման, ապա դա վարչական ռեսուրսի չարաշահում չէ, այլ աշխատանքային պարտականությունների չկատարում, որի գնահատականը պետք է տա տվյալ աշխատակցի ղեկավարը»,-պարզաբանել է նա:

Նա շեշտել է, որ վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման վերաբերյալ դիմումներն անմիջապես ուղարկվում են դատախազություն՝ իրավական գնահատական տալու համար։

Հովակիմյանի խոսքով՝ քարոզարշավի ընթացքում ԿԸՀ ստացած դիմումների մոտ 80 տոկոսը վերաբերել է ընտրական ցուցակներին և հաշվառման տվյալների ճշգրտմանը։ Իսկ ընտրական գործընթացներին անմիջականորեն առնչվող շուրջ երկու տասնյակ դիմում-բողոքները հիմնականում վերաբերել են վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործմանը, քարոզչական գործունեությանը կամ դիտորդական առաքելությունների աշխատանքին։

Ամփոփելով նախապատրաստական փուլը՝ ԿԸՀ նախագահը վստահեցրել է, որ ընտրական համակարգն ամբողջությամբ պատրաստ է հունիսի 7-ին նախատեսված քվեարկությանը։

«Ավարտվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների և ղեկավար կազմերի վերապատրաստումները։ Ընտրատեղամասերի կահավորման համար նախատեսված բոլոր միջոցները տրամադրված են։ Քվեաթերթիկների և ծրարների առաքումն արդեն սկսվել է»,-տեղեկացրել է Հովակիմյանը՝ ավելացնելով, որ ԿԸՀ-ն այս օրերին աշխատում է շուրջօրյա ռեժիմով։

Անդրադառնալով հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների առանձնահատկություններին՝ Հովակիմյանը կարևորել է միջազգային կառույցների և դիվանագիտական ներկայացուցչությունների մեծ հետաքրքրությունը։

«Չեմ հիշում որևէ ընտրություն, որի նկատմամբ միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների հետաքրքրությունն այսքան մեծ լիներ։ Հայաստանում հավատարմագրված գրեթե բոլոր դեսպանատներն ընտրությունների օրը կունենան հավատարմագրված այցելուներ»,- ներկայացրել է ԿԸՀ նախագահը։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։

 Ուշագրավ
---