Սամվել Կարապետյան․ Եթե ընտրակաշառք բաժանած լինեինք, հիմա ինձ էլ կալանավորած կլինեին![]() 7 հունիսի 2026 - 13:42 AMT PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է քաղաքական ուժի հասցեին հնչող մեղադրանքներին, իրավապահների գործողություններին և մի շարք քաղաքական հարցերի։ Նա կտրականապես մերժել է ընտրակաշառք բաժանելու մասին տեղեկությունները։ «Եթե ընտրակաշառք բաժանած լինեինք, հիմա ինձ էլ կալանավորած կլինեին», ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան: Նրա խոսքով՝ «Հանրապետություն» կուսակցության ներկայացրած դիմումը հերթական անհաջող քայլերից մեկն է եղել իրենց քաղաքական ուժի նկատմամբ։ «Դա հերթական անշնորհքությունն է, որ արեցին մեր դաշինքի նկատմամբ, բայց ուրախ եմ, որ նույնիսկ անգամ իրենց այդ փոքրիկ ուղեղով կարողացան ճիշտ գնահատել սիտուացիան և ճիշտ ընտրություն կատարեցին»,– ասել է Կարապետյանը։ Նա անդրադարձել է նաև իրենց աջակիցների նկատմամբ իրականացվող գործողություններին։ «Հիմա ձերբակալումներ և կալանավորումներ են իրականացնում մեր աջակիցների նկատմամբ, այսօր էլ են շատերին ձերբակալել, հունիսի 6-ին 100-ից ավելի անձ են ձերբակալել, բայց ոչինչ, սարսափելի բան չկա»,– ասել է դաշինիքի առաջնորդը։ Անդրադառնալով իրավապահ մարմինների հրապարակած ձայնագրություններին, որոնցում նշվում է, թե «Ուժեղ Հայաստանը» կատարում է ռուսական ԱԴԾ–ի հրամանները, Կարապետյանը նման պնդումները որակել է անհիմն։ «Հիմա դուք դա ո՞նց եք պատկերացնում` հազարավոր մարդիկ գալիս են, հնարավոր է, ասենք, մի 100 հոգի աշխատող կարող է ունենա ФСБ–ն»,– ասել է նա։ Կարապետյանի խոսքով՝ ինքը քվեարկության է մասնակցել բարձր և մարտական տրամադրությամբ։ «Ինչպես երևում է, որ այսօր բոլորն են մարտական տրամադրված, և կարևոր է ապահովել իսկական լեգիտիմ իշխանություն, որ վերջապես հնարավորություն ունենանք մենք որոշենք մեր երկրի ապագան, ոչ թե դրսից որոշեն»,– հայտարարել է նա։ Նա հավելել է, որ կցանկանար, որպեսզի երկիրը չբախվի նոր ցնցումների, քանի որ յուրաքանչյուր նման իրավիճակ բացասաբար է անդրադառնում զարգացման վրա։ Լրագրողի դիտարկմանը, թե ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Կարապետյանը պատասխանատվության է ենթարկվելու 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստանում վերաբնակեցնելու մասին խոսույթի համար, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդը պատասխանել է. «Չե՞ք տեսնում, որ ես ամեն օր եմ պատասխանատվության ենթարկվում. ես անգամ ընտրությանը գալու հնարավորություն չեմ ունեցել, ինձ բերել են»։ Նշվում է, որ նա ընտրատեղամաս է ժամանել ուղեկցող անվտանգության աշխատակցի հետ։ Կարապետյանը խոսել է նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ Հայաստանը պետք է հավասարակշռված և լավ հարաբերություններ ունենա բոլոր երկրների հետ։ Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստան վերադառնալու մտադրություն չունի։ «Ես Հայաստանում կմնամ ևս 10 տարի, կաշխատեմ այստեղ. աշխատանքը շատ է»,– ասաց նա։ Անդրադառնալով դեպի Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման սահմանափակումներին՝ Կարապետյանը նշել է, որ դրանք կարող են լուրջ բացասական հետևանքներ ունենալ, հատկապես հայ ֆերմերների համար։ Հայաստանում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |