Դիտորդական առաքելությունները հայտնել են ընտրական խախտումների մասին

Դիտորդական առաքելությունները հայտնել են ընտրական խախտումների մասին

PanARMENIAN.Net - Խորհրդարանական ընտրությունների քվեարկության մեկնարկից չորս ժամ անց մի շարք դիտորդական առաքելություններ հրապարակել են ընտրատեղամասերում արձանագրված խախտումների վերաբերյալ տվյալներ։

«Արդար Քվե» դիտորդական առաքելությունը հայտնել է, որ Լոռու մարզի Գյուլագարակ բնակավայրի 22/32 ընտրատեղամասում արձանագրվել են դիտորդի գործունեությանը խոչընդոտող գործողություններ և ճնշման դրսևորումներ։ Ըստ առաքելության՝ ընտրատեղամասում գտնվող կուսակցություններից մեկի վստահված անձը ուղղորդել է ընտրողներին։ Դիտորդի կողմից խնդիրը բարձրաձայնելուց հետո վերջինիս նկատմամբ ճնշում գործադրելու փորձ է կատարվել, և հայտարարվել է, որ հասնելու են նրա հեռացմանը ընտրատեղամասից, հայտնում է Panorama.am-ը:

Նշվում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը բավարար քայլեր չի ձեռնարկել իրավիճակը կարգավորելու համար։ Խնդիրը չի լուծվել նաև հանձնաժողովի անդամների միջամտությունից հետո, ինչից հետո վստահված անձը սկսել է բարձրաձայն վիճաբանել և բղավել հանձնաժողովի նախագահի վրա։

«Հայաքվե» դիտորդական առաքելությունն արձանագրել է, որ 23/58 ընտրատեղամասում, որտեղ քվեարկում են զինծառայողները, ներկա են եղել ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ՝ չպահպանելով օրենքով սահմանված 50 մետր հեռավորությունը։

Նույն առաքելության տվյալներով՝ 25/08 ընտրատեղամասում քաղաքացին մոտեցել է քվեարկելու, սակայն պարզվել է, որ նրա փոխարեն արդեն առկա է եղել ստորագրություն։

«Ականատես» դիտորդական նախաձեռնությունը հայտնել է հինգ էական միջադեպերի մասին։

7/6 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը մերժել է դիտորդի պահանջը՝ քվեարկության գաղտնիության խախտման ռիսկի վերաբերյալ դիտարկումը գրանցամատյանում արձանագրելու վերաբերյալ։ Դիտորդի գնահատմամբ՝ քվեախցիկի տեղադրման վայրը հնարավորություն է տվել տեսանելի դարձնել այնտեղ կատարվող գործողությունները։

8/61 ընտրատեղամասում նույնպես մերժվել է դիտորդի պահանջը՝ քվեարկության սենյակի կահավորման հետ կապված խնդիրը գրանցելու վերաբերյալ։ Ըստ դիտորդի՝ քվեախցիկների հետևում գտնվող սանհանգույցների պատճառով այդ հատվածով տեղաշարժը կարող էր վտանգել քվեարկության գաղտնիությունը։

8/38 ընտրատեղամասում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի ուշացման հետևանքով ընտրական կենտրոնը մինչև ժամը 07։18-ը չի բացվել, և այդ ընթացքում մուտքը չի թույլատրվել։

14/6 ընտրատեղամասում արձանագրվել է քվեարկության գաղտնիության խախտման ռիսկ, քանի որ քվեախցիկների հետևում գտնվող վարագույրը ցանկացած պահի կարող էր բացվել։ Դիտորդի առաջարկից հետո համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել, սակայն դիտարկումը գրանցվել է ՏԸՀ գրանցամատյանում։

4/54 ընտրատեղամասում արձանագրվել է խնդիր չհրկիզվող պահարանի հետ կապված․ այն բաց է եղել դեռ ժամը 06։55-ի դրությամբ՝ նախքան նախապատրաստական աշխատանքների պաշտոնական մեկնարկը։

ՀՀ-ում մեկնարկել են Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Հանրապետության 2005 ընտրատեղամասերն առավոտյան ժամը 08:00-ից սկսել են աշխատանքը։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2,485,851 ընտրող։ Ընտրատեղամասերը գործելու են մինչև 20:00-ն։

ԱԺ ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, իսկ դաշինքների՝ 8%։

 Ուշագրավ
---